Մենք չենք պատրաստվում լքել քաղաքական դաշտը: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով 2018 թվականից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ապագային:
Հարցին, թե պատկերացնո՞ւմ են, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը չի ունենա իրական իշխանություն եւ ինչ կարգավիճակ է նա ունենալու 2018-ից հետո, Աշոտյանն ըստ էության, չպատասխանեց՝ նշելով. «Եկեք պայմանավորվենք, որ ընտրություններից հետո դեռ մի քանի անգամ կհանդիպենք: Ավելի ճիշտ է խոսել ներկայի մասին: ՀՀԿ-ն իր կարգախոսով կարեւորել է անվտանգության խնդիրը: Կառաջարկեի դիտարկել անվտանգության գործոնը քաղաքական ուժերի պլատֆորմներում: Մենք չենք պատրաստվում լքել քաղաքական դաշտը»:
Հիշեցնենք, որ Արցախում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»: