Գրականագետ Դավիթ Գասպարյանը արձագանքել է 05.04.17 մեր թերթում տպագրված «Պատասխան վախկոտին, կամ ո՞վ է Վրեժ Ճշմարիտյանը» Սարգիս Գալոյանի հոդվածին

Մտավոր դեղնախտը ինքնասիրահարվածության հիվանդություն է, երբ կարծում են, թե Արիստոտելն իրենք են, Ապոլոնն իրենք են, բայց հետո, երբ կողքից հասկացնում են, որ այնքան էլ այդպես չէ, հուսահատությունից դեղնում ու դեղնախտ են ընկնում, որը, ասեմ, վարակիչ հիվանդություն է: Ահա այդպիսի հիվանդությամբ է տառապում ֆիզիկայի մի շարքային մասնագետ, մասնագիտական ոչ մի նվաճումով աչքի չընկնող մի մեթոդիստ, ով նաեւ իրեն մանկավարժ ու բանաստեղծ է հռչակել եւ ուզում է, որ իրեն ընդունեն հենց այդպես: Այսպիսի հավակնոտ անձինք, առանձին անհատ լինելով, իսկ այդպիսիք շատ կան, նաեւ հավաքական կերպար են ձեւավորում` որպես մտավոր քաղքենու խավ, որովհետեւ ծաղրաբար իրենց տրված ժամանակակից Արիստոտել միջանցքային հորջորջումը լուրջ են ընդունում եւ ամեն կերպ ցանկանում են տեղավորվել այդ անվան հարմարավետ թիկնոցի տակ, որովհետեւ վարկանիշային է: Բայց… քանի որ չեն տեղավորվում, ստիպված դիմում են այսօր շատ տարածված դատապարտելի մի արարքի, որ կոչվում է ահաբեկություն: Մարդու վրա նետած զրպարտությունն ու բամբասախառն չարախոսությունը նույն պայթեցումն են, վրաերթն ու հրկիզումը, այսինքն` ահաբեկությունը: Ահա իմ առջեւ կանգնած է իսկական մտավոր մի ահաբեկիչ, ով իր պարտքն է համարում ամեն տեսակի անվայել միջոցներով վիրավորել ու վարկաբեկել ինձ: Ուրեմն պետք է ստանա իր պատասխանը, որովհետեւ հանդես է գալիս ոչ թե ազնիվ բանավեճով, այլ գրականությունը շահարկող նողկալի պարզաբանումով:

Աղբով են լցված տիեզերքը, ծովերն ու օվկիանոսները, մինչեւ անգամ հյուսիսային բեւեռը, ուր ձյունից ու սպիտակ արջից բացի նաեւ մարդուց մնացած արդյունաբերական թափոններ են: Այս պայմաններում ինչո՞ւ պիտի աղբով չլցվի նաեւ մտավոր կյանքը, մանավանդ որ գորշության դեղին հորձանքի զզվելի ժամանակներ են: Հաճախակի եմ առիթ ունեցել պատասխանելու ընդդիմախոսների: Մի ամբողջ գրական կյանք ապրել եմ վեճերի ու բանավեճերի մեջ: Իմ դեմ ելածները համախմբվել են ու միաբանվել, ձայն ձայնի տված՝ իմ դեմ գրել են ու գործեր հարուցել: Մշտապես պայքարել եմ հակագրական մի ոհմակի դեմ, որը նաեւ վերարտադրվելու հատկություն ունի: Եվ զարմանալի բան` փոխվել են միայն ստորագրությունները, բայց ընդդիմախոսի կերպարը միշտ մնացել է նույնը` բթամիտ, հավակնոտ ու նենգ: Եվ հիմա սիրամարգի պես հովեր է առել եւ իրեն է ցուցադրում այս դեղին մեթոդիստը, ում Սերգեյ անունը շրջանառեցի որպես Սարգիս, իսկ նրա Գալոյան ազգանունը ոչ ոք չի էլ հիշում: Միջանցքային անտերունչ պարապության բամբառակ խոսակցությունների գժդմնանքից նրան բարձրացրեցի համատեղ գիրք ստեղծելու աստիճանի, եւ գիրքը տպագրվեց «Մարդասիրական բռնատիրություն» (2014) վերնագրով: Ինքը` իմ ապագա ընդդիմախոսը, հարցեր է տալիս, ես պատասխանում եմ. ամբողջությամբ ազնիվ մտահոգություններ են մեր օրերի մասին: Միայն վերջում ուշացումով կարծես գիտակցեց, որ սա հարցազրույցների շարք է, ոչ թե երկխոսությունների, եւ դրանից էլ ավելի դեղնեց ու վատացավ: Եվ հենց այդ պահից էլ զգացվեց նրա թաքնված արիստոտելայնության դեղին ախտանշանը: Ինձ փոխանցեց մի գրություն, որի մեջ թռչկոտում էր իր հավակնությունների երազային պարտեզներում: Հեղինակային համագործակցությունը նա այդտեղ համարեց «մրցակցություն», երբ ամենեւին դրա տեղը չէր, խոսեց անհարկի «ինքնասիրության» մասին, եւ դա այն դեպքում, երբ ամեն ինչ պայմանավորված էր պարզ գրագիտության տվյալներով, իրեն համարեց փիլիսոփա ու հոգեբան եւ ասաց, որ իր հրատարակած նյութերը «շուտով ամփոփվելու են դոկտորական ատենախոսությամբ»: Ներկայանում է. «Ինձ հետաքրքրել են նաեւ արվեստի փիլիսոփայության ու գեղագիտության տարբեր հարցեր: Ի հավելումն ասածիս, (այս անտեղի ստորակետի հեղինակն ինքն է) գրում եմ նաեւ բանաստեղծություններ եւ հասցրել եմ տպագրել մի գրքույկ»:

Ինչ վերաբերում է բանաստեղծական գրքույկին, հերթական գրական աղբ է, իմ բացասական վերաբերմունքը բացահայտ եմ ասել, մինչդեռ նա երազում էր որպես «բանաստեղծ» արժանանալ իմ բարեհաճ վերաբերմունքին: Չարժանացավ: Այստեղից էլ՝ նրա թաքցրած թշնամանքն իմ հանդեպ: Իսկ մնացածը` փիլիսոփայություն, արվեստ, գեղագիտություն, դոկտորական ատենախոսություն, ինչպես ասում են, պատկանում են զվարճալի գեղեցկախոսության բնագավառին, ինչի համար էլ նրան ծաղրաբար սկսեցին անվանել Արիստոտել, եւ նա, զավեշտը չհասկանալով, այդ ամենը լուրջ ընդունեց:

Եվ ահա այս նորօրյա «Արիստոտելն» իր մտավոր սխեմատիզմը համարում է համակարգ, այն էլ՝ փիլիսոփայակա՜ն, եւ նույնը պարտադրում խոսակցին: Այս պարզունակն այսպես «ազդեցիկ» տպավորություն է ստեղծում, բայց միայն ծիծաղելի: Միջակությունը նրա համար շատ բարձր նիշ է, ուստի քիչ թե շատ գրագետ մարդկանց ներկայությամբ նա իրեն միշտ կաշկանդված ու վիրավորված է զգում` ինչո՞ւ են նրանք այդքան զարգացած, իսկ ինքը` ոչ: Իսկ արժանավորների կողքին հուսահատությունից լռում է ու մթագնում եւ ինքն իր աչքին աննկատ նսեմանում ու դեղնում: Սա հենց մտավոր քաղքենին է` անտեղյակ, չկարդացած, չզարգացած, ինքնուրույն վաստակ չստեղծած, բայց միշտ հավակնոտ, միշտ ինքնասածի, նսեմը վսեմի հետ շփոթող: Վերը հիշված իր այդ անիմաստ գրության համար նա հետագայում հրապարակավ զղջաց, ներողություն խնդրեց, եւ ես, առանց հիշաչարության, շարունակեցի մարդկային բնական հարաբերությունները` այս անգամ նրան բարձրացնելով Վահան Տերյանի շուրջ գրավոր գրական զրույց վարելու աստիճանի: Բայց դու մի ասա, որ նա մեկ բաժակ սուրճի շուրջ զրույցը վերածում է գաղտնի դավադրության:

Մեր նաիրյան չքնաղ երկրում ժամանակն ասես կանգնած լինի` փոխվում են ստորագրությունները, բայց կատարողների տեսակը նույնն է: Ահա մեկը, հերթական մի «Արիստոտել», որ բացարձակապես ոչ մի պատկերացում չունի Չարենցի մասին, բայց իրեն թույլ է տալիս կարծիք հայտնել: Իսկ երբ իր նախադասությունների միջի փաստական, իմացական, նաեւ քերականական կոպիտ սխալներն ուղղում ես` նեղանում է, ընկնում է փիլիսոփայական համակարգային դեղին թնջուկի մեջ ու մտածում միմիայն վրեժ լուծելու մասին:

Հավակնոտ քաղքենին միջավայրից անպակաս է: Այդպիսիներին դեռեւս Էլիոթն է ծաղրել, համանման երկու կանանց նախշելով այսպես` նրանք, միջանցքում ծխելով, շրջում էին եւ կարծիքներ փոխանակում Արիստոտելի մասին: Հիմա, տպագրվել է բանաստեղծություն, որի մեջ ծաղրվել է ժամանակակից մտավոր քաղքենին, սխալաշատ տգետը, ով իրեն պատկերացնում է գիտության, կրթության, գրականության, գեղագիտության, արվեստաբանության, փիլիսոփայության, հոգեբանության, մանկավարժության առաջնորդի դերում, բնականաբար, ամենեւին չլինելով այդպիսին եւ, ընդհանրապես, մոռացած լինելով իր բուն մասնագիտությունը, որովհետեւ այդտեղ ինքն էլ գիտի, որ իրենից ոչինչ չի ներկայացնում: Ամսագրում տպագրված բանաստեղծության հավաքական հերոսն այդ ժամանակակից Արիստոտելն է` որպես հավաքական կերպար, ում իմացականը մերձգրական, մերձգիտական զազրախոսությունից այն կողմ չի անցնում: Այդ բանաստեղծության մեջ չկա ոչ մի հասցեական անուն: Բայց ահա այս անձը եթե ոչ ամեն ինչ, ապա ինչ-որ բան ընդունել է իր վրա, կազմակերպել այդ ստեղծագործության տարածքային բարձրաձայն ընթերցումներ եւ հրապարակավ որոշել, որ ծաղրված ընդհանրական կերպարն ինքն է, որ կա: Այդ պահին, հավանաբար, կորցրել է ինքնապաշտպանական սթափությունը, որովհետեւ եթե ինքն իրեն համարում է մտավոր բացասական հատկանիշների մարմնացում, հապա ո՞ւր մնաց Արիստոտելը: Ավելացնեմ` կան նաեւ ուրիշները, որ այդ երգիծանքն ընդունել են իրենց վրա, բայց ամոթից լռել են, իսկ սա աշխարհով մեկ դիմել է ինքնամատնիչ հայտարարությունների, ուստիեւ ընդունել, որ ինքն անվերապահորեն անգրագետ է: Այդպես, որովհետեւ ինքն իրեն համարում է ծաղրված նորօրյա Արիստոտել, եւ դա այն դեպքում, երբ բնագրային նորօրյա Արիստոտելը հավաքական-ընդհանրական կերպար է: Այս դեպքում արդեն պատասխանատվություն կրողը ոտքից գլուխ ինքն է, որովհետեւ ինքն է իրեն նմանեցնում երգիծական հերոսին եւ վստահորեն համարում այդպիսին:
Ինչ վերաբերում է բանաստեղծության պատկանելությանը, ապա «Արիստոտելը» պետք է իմանա, որ հեղինակը կարող է հանդես գալ նաեւ գրական անունով, ինչի բացահայտումը կամ իր` հեղինակի, կամ բանասիրության գործն է: Միայն Ակսել Բակունցը հանդես է եկել տասից ավելի ծածկանուններով: Ինչ վերաբերում է իր բացահայտմանը` չհիմնավորված ենթադրություն է, որովհետեւ առաջին դեմքով գրված եւ անձնավորված բանաստեղծության «ես»-ը կարող է ամենեւին էլ այն «ես»-ը չլինել, ինչ ենթադրում է նա, այդ «ես»-ի կերպարը, բովանդակային միջուկով հանդերձ, կարող է մարմնավորել մեկ ուրիշը… Այնպես որ՝ բանասիրությունը եւս այս «Արիստոտելի» բանը չէ:

Ասացինք, որ այս «Արիստոտելը» գրում է նաեւ թույլ ու անհամ բանաստեղծություններ եւ դրական կարծիքներ մուրում: Այս հարցում ես նրա հանդեպ երբեք շռայլ չեղա, որովհետեւ համակ ազդեցություններ են, կրկնված պատկերներ եւ ամեն ինչ գրակարկատանության աստիճանի է: Որքան հայտնի է` ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալներով մեկ քմ մակերեսի վրա ընկնող «բանաստեղծների» քանակով Հայաստանը բավականին մրցունակ վիճակում է:

Գրքում ասված է` մարգարիտները խոզերի առջեւ շաղ մի տվեք: Մարգարիտներ ունեցողը միշտ էլ շռայլ է ու անհաշվենկատ, իսկ «խոզերը» տարբեր ժամանակներում տարբեր կերպարանք են ընդունում` ժպտերես թվացող դարանակալ լրտեսից մինչեւ Չարենցի ասած՝ տապարով շինված բութ դեմքերը: Այս «խոզերը» նաեւ կենցաղային ծառայություններ մատուցել գիտեն, որպեսզի հետո երեսով տան. կասեն ու կպարտադրեն` համեցեք, նստեք իմ մեքենան, գուցե զրուցենք մի գավաթ սուրճի շուրջ, ահա, խնդրեմ, օգտվեք քաղցրավենիքից, կարող եմ ձեզ համակարգչային օգնություն առաջարկել… Այսքանից հետո հետեւություն` «Արիստոտելի» հետ սուրճ մի խմեք, անկեղծ զրույցներ մի վարեք, որպեսզի չընկնեք նախապես լարած նրա ծուղակը: Բացի դա` սուրճի գինը թանկ է, որովհետեւ դիվանագիտական սուրճ է: Հիշո՞ւմ եք հռետորական ծանր շեշտադրումով պատմվածքի վերնագիրը. «Կաթիդ փարան չմոռնաս, մամա»: Նորոգ հանգուցյալի հոգեհանգստին այցելելիս հավաքվածներին չեն ասում բարեւ, ասում են` ողորմի անցավորաց: Հիմա, այս մտավոր դեղնախտով ոգեւորվածներին ասում եմ` բարով վայելեք, բայց զգույշ եղեք, դեղնախտը վարակիչ է։

Ահա այսպիսինին ուզում եմ պատասխանել իրեն «քաջ ծանոթ» բանաստեղծի էպիգրամով, տեսնենք այս անգամվա որոնումները նրան ուր կհասցնեն: Ուրեմն այսպես. այս Սերգեյ Գալոյանի «հայտնաբերած» հեղինակն ունի նաեւ այսպիսի մի էպիգրամ, որը զարմանալիորեն նա վրիպել է.

«Թյո՛ւ, չպրծանք այդ մրողից, էլի՜,
Ինչպե՞ս մարենք այս մարխը գարշության,
Ինչպե՞ս, ի՞նչ ձեւով վերջ տանք մենք սրան,
Խորհուրդ տուր…»:
«Թքիր պարզապես վրան…»:

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ