Արցախում մարտի 28-ին զոհված ժամկետային զինծառայող, հրազդանցի Արտակ Ռաֆայելյանը ապրիլի 13-ին կդառնար 20 տարեկան:
Հարազատները Գինեսի ռեկորդակիր Արտակի մասին անցյալով չեն խոսում: Տանն արդեն Արտակի անկյունն էր պատրաստված, որտեղ նրա րազմաթիվ մեդալներն ու պատվոգրեր էին: Մայրը՝ Դիանան, պատմում է, որ որդին շատ է սիրել ռազմագիտություն առարկան ու սպորտը, հաճախել կարատեի, բռնցքամարտի:
«12 տարեկան էր, որ տանը սկսեց փորձել հենում-ծալում վարժությունը, մենք ամեն օր 6 ժամ 10 հազար հատ անում էինք այդ վարժությունը ու 2012թ. ապրիլի 13-ին՝ հենց իր ծննդյան օրը, ինքը սահմանեց ռեկորդ: Բայց դրանով չբավարարվեց: Արդեն 15 տարեկանում, նորից իր ծննդյան օրը գերազանցեց նախկին ռեկորդը՝ 7 ժամ անընդմեջ 11 հազար 11 անգամ կատարելով հենում-ծալում վարժությունը եւ գրանցվեց «Հայկական դյուցազնագրքում».- պատմում է Արտակի մայրը:
Հորաքրոջ՝ Աիդա Ռաֆայելյանի խոսքով Արտակը շատ նպատակներ ուներ, երբեք չէր հանձնվում:
«Երբ առաջին ռեկորդից հետո իրեն գերազանցեցին, ինքը չհանձնվեց, դրեց երկրոդ ռեկորդը, չնայած ծնողները դեմ էին, նորից նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով առաջինին: Ինքը պարտվող տեսակ չէր, ինքը պայքարող էր»:
Արտակը մասնակցել է ապրիլյան պատերազմին, այդ օրերի մասին, հարազատների խոսքով, ոչինչ չէր պատմում: Միայն մեկ անգամ, երբ ծնողները գնացել էին նրան տեսակցության, չէր դիմացել, ասել էր. «150 մետր շառավղով միայնակ պահել եմ դիրքը», իսկ դրանից հետո երբ արձակուրդ էր եկել, բարեկամներին վստահեցրել էր, թե ինքը պատերազմի չի մասնակցել: Հորաքույրը նշում է, որ Արտակը զորամասում աչքի է ընկել իր առաջադիմությամբ եւ կարդապահությամբ, հենց այդ պատճառով էլ փետրվարին Հանրապետության նախագահի հետ հանդիպմանն ամբողջ զորամասից միայն նա է մասնակցել:
«Արտակի նման երկրորդը չկա, ընկերները մեզ ասում էին, որ Արտակին անուն էին կնքել՝ «Պոստերի սիրտը»: Այդքան սիրված էր մեր տղան: Պոստերի սիրտն էր, սիրտն էլ տվեց պոստերին: Արտակս շատ ուժեղ էր, նա իսկական դյուցազուն է»,- ասում է հորաքույրը:
Արտակն ունի իրենից փոքր եղբայր, որը նույնպես գրանցված է Դյուցազնագրքում: Հարազատների պատմելով՝ եղբայրն է եղել Արտակին ոգևորող միակ մարդը և հակառակը:
Ռաֆայելյանների ընտանիքում այսօր ոչ ոք չի աշխատում: Արտակի հայրը, որն Արցախյան պատերազմի մասնակից է, աշխատանք չունի, մայրն էլ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել: Ընտանիքն ունի սոցիալական խնդիրներ, որոնց մասին, սակայն, լռում է: Հորաքույրը հիշում է՝ Արտակը երազում էր իրենց տունը վերանորոգել. «Նա ծնողներին ասել էր, մի քիչ էլ դիմացեք, գալու եմ ու դուք միայն դիմացի այգու ծաղիկները պիտի ջրեք, մնացածը ես ու եղբայրս ենք անելու: Փոքր տարիքից երկու եղբայր հորն ու մորը օգնել են, ամեն աշխատանք կատարել են, միշտ կանգնած են եղել ծնողների կողքին»:
Հիշեցնենք, որ 2017թ. մարտի 28-ին ժամը 13:00-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Ռաֆայելյանը: