Թուրքիան մտադիր է Նախիջեւանում ռազմական բազա ստեղծել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին:
Նրա խոսքով, թուրքական քաղաքական միտքը մեսիջ է ուղարկում առաջին հերթին Հայաստանին եւ Ռուսաստանին, որ քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը սերտ ռազմական համագործակցություն ունեն, ուստի Թուրքիան առաջարկում է ավելի խորացնել համագործակցությունը եւ Նախիջեւանում ռազմական բազա ստեղծելու մտադրություն է հայտնում:
Արման Նավասարդյանը նկատեց, սակայն, որ Ղարսի պայմանագրի 5-րդ կետը բացառում է որեւէ ռազմական միավորման տեղակայումը Նախիջեւանում. «Ավելին՝ 4-րդ հոդվածում ասվում է, որ եթե նման քայլի դիմեն Թուրքիան եւ Ադրբեջանը, ուրեմն վերանայվում են այն սահմանները, որ 20-ականներին ունեցել է Թուրքան: Այսինքն՝ կարող են կորցնել ամբողջականությունը, եթե նման քայլի գնան»:
Դեսպանի ներկայացմամբ, Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ն դրական կվերաբերվի իր մտադրությանը, սակայն դա այնքան էլ հիմնավոր չէ: Բացի այդ, ըստ նրա, Իրանը բացարձակապես դեմ կլինի նման որոշմանը: