«Սրիկայություն է Հենոյին պահեստայինների նստարանին նստեցնելը: Սրիկայություն է ոչ միայն մեր խաղացողի հանդեպ, այլև հենց ֆուտբոլի: Եթե դուք կարծում եք, որ 28 տարեկան, բոլոր առումներով ֆիզիկապես պատրաստ ֆուտբոլիստը պատրաստ չէ այդ տեմպով խաղալ, ապա սխալվում եք։ Այդ նույն տրամաբանությամբ բոլորը, ովքեր խաղացել էին Եվրոպայի լիգայում, պետք է նստած լինեին պահեստայինների նստարանին»,- Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի «Բարնլի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ նման կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ շվեդական «Լինշոպինգ» թիմի ներկայացուցիչ Լևոն Պաչաջյանը:
Հիշեցնենք, որ «Բարնլիի» հետ խաղում մեր ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ միայն հանդիպման 80-րդ րոպեին՝ փոխարինելով Մարսիալին: Կրկին անգամ Մխիթարյանին հիմնական կազմից բաց թողնելը կարող է ունենալ երկու բացատրություն. կա՛մ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին խնայել էր ապրիլի 27-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» հետ սկզբունքային հանդիպման, ինչպես նաև Եվրոպայի լիգայի կարևորագույն մրցավեճերի համար, կա՛մ մեր կիսապաշտպանի խաղը չի բավարարում պորտուգալացի մասնագետին:
Առկա իրավիճակում հակված ենք առաջին տարբերակին, քանզի Մխիթարյանը, ինչպես նաև հարձակվող Ռեշֆորդը այսօր այլընտրանք են Մոուրինյոյի համար: Վնասվածքի պատճառով «Յունայթեդին» չեն կարող օգնել պաշտպաններ Ջոնսը, Սմոլինգը, Ռոխոն, կիսապաշտպան Մատան, ինչպես նաև լավագույն ռմբարկու Իբրահիմովիչը: Եթե հանկարծ Մոուրինյոն կորցնի նաև Մխիթարյանին կամ Ռեշֆորդին, ապա մրցաշրջանի ավարտը ըստ ամենայնի տխուր կլինի տիտղոսակիր թիմի համար:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակչի «Անդերլեխտի» հետ հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հայտարարել էր, որ Մխիթարյանը լավ է խաղում Եվրոպայի լիգայի խաղարկությունում: ««Յունայթեդի» ու «Սիթիի» միջև ընդամենը մեկ միավոր տարբերություն է: Պրեմիեր լիգայում մեր առջև խնդիր ենք դրել լավագույն քառյակում տեղ զբաղեցնել, բայց բոլորը գիտեն, որ «Յունայթեդի» գլխավոր նպատակը տիտղոս նվաճելն է: Անգլիայի առաջնությունում մենք չունենք այդ հնարավորությունը, ուստի ողջ ներուժը կենտրոնացնելու ենք Եվրոպայի լիգայի խաղարկության վրա»,- «Բարնլիի» հետ հանդիպումից հետո ասել է Մոուրինյոն:
Այս հայտարարությունից հետո Մխիթարյանին, ինչպես նաև Ռեշֆորդին պահեստայինների շարքում թողնելու տակտիկական դրդապատճառն էլ ավելի իրատեսական է թվում: Վերջին շրջանում պատասխանատու խաղերում Մոուրինյոն հազվադեպ է հիմնական կազմում վստահում Ռունիին և Մարսիալին: «Բարնլիի» դեմ այս ֆուտբոլիստներին հիմնական կազմում ընդգրկելով՝ Մոուրինյոն, կարելի է ասել, գիտակցաբար վտանգի տակ էր դրել Պրեմիեր լիգայում 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու հեռանկարը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայում առաջին 4 հորիզոնականները զբաղեցրած թիմերը իրավունք են ստանում մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Այսօր «Յունայթեդը» 63 միավորով 5-րդ, իսկ «Մանչեսթեր Սիթին» 64 միավորով 4-րդ տեղում է: Այդուամենայնիվ, «Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայում դեռ 6 հանդիպում պետք է անցկացնի: Այս պահին Մոուրինյոն պատեհ է համարում ընդամենը երեք խաղով լուծել Չեմպիոնների լիգայում խաղալու հարցը՝ միաժամանակ նվաճելով տիտղոս:
Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում «Յունայթեդի» մրցակիցը «Սելտան» է, որը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում միայն 10-րդն է: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմում են ֆրանսիական «Լիոնն» ու Ամստերդամի «Այաքսը»: Նշված բոլոր թիմերը «Յունայթեդին» զիջում են կարգով:
Նշենք նաև, որ Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» անմիջապես կխաղա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ Պրեմիեր լիգայում 4-րդ տեղ զբաղեցնելու պարագայում ստիպված կլինի մասնակցել ՉԼ-ի որակավորման փուլում: Կարծում ենք՝ Եվրոպայի գավաթը նվաճելու դեպքում «Յունայթեդի» Պրեմիեր լիգայում թեկուզ 7-րդ հորիզոնականը զբաղեցնելը բացասական արձագանք չի ունենա: