Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը չի պատկերացնում, թե ով կարող էր մայիսի 3-ին երեկոյան իր նկատմամբ մահափորձ կատարել:
NEWS.am-ի հետ զրույցում Գրիգորյանը պնդեց, որ ինքը որեւէ մեկի հետ թշնամություն չի ունեցել:
«Կարծում եմ այդ կրակոցներն ինձ էին ուղղված, ոչ թե վարորդիս: Թե ովքեր էին, չեմ կարող ասել: Ոչ մեկին չեմ կասկածում, որովհետեւ ոչ մեկի հետ որեւէ թշնամություն կամ խնդիր չեմ ունեցել»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ Նորիկ Գրիգորյանը չի տուժել, հրազենային վիրավորում է ստացել նրա վարորդը՝ 33-ամյա Կարեն Ղազարյանը:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 3-ին ժամը 19.10-ին Արտաշատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Կ.Ղ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վերին Արտաշատից դեպի Արտաշա տանող ավտոճանապարհին անհայտ անձինք մեքենայով փակել են Կ.Ղ.-ի վարած մեքենայի ճանապարհը եւ կրակահերթ արձակել վերջինիս ուղղությամբ:
Ձեռնարկվում են միջոցառումներ այդ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am


