Hraparak.am-ը գրում է.

25 տարի առաջ մայիսի 8-ը նշանավորվեց մեր երկրի և Արցախի համար ամենակարևոր հաղթանակներից մեկով՝ Շուշի լեռնաքաղաքի ազատագրումով։ Ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն այսօր Hraparak.am-ի հետ հարցազրույցից հետո զանգահարեց և խնդրեց ավելացնել իր շնորհավորանքը, ինչպես արցախցիներին, այնպես էլ Հայաստանի հանրապետության քաղաքացիներին, ընգծելով, թե «Մենք բերեցինք հաղթանակներ, թող պահեն պետականորեն և ավելացնեն եղածի վրա։

-Պարոն Խուդավերդյան, Շուշիի ազատագրումը կարո՞ղ ենք վերջնական համարել արտաքին քաղաքական այս պրոցեսներում։

-Մեր բոլոր հաղթանակներն ամրագրված են որպես հաղթանակներ, ու ներքին, արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանային, թե միջազգային քաղաքականությունն ինչպիսի դրսևորում կցուցաբերի, դա իր խնդիրն է։ Բայց գործնական, դեֆակտո մենք որպես մեզ պարտադրված պատերազմում հաղթած, մեր քաղաքաները, ավաններն ու գյուղերը հետ բերած կողմ, մենք հաշվի ենք նստում մեր հաղթանակների հետ, որովհետև մեզ հաղթանակները չի մատուցվել, այլ ձեռք է բերվել արյամբ, հայոց բռունցքի, քրտինքի ու արյան շաղախի հիման վրա։

-Հետընտրական պրոցեսներում բազմիցս շահարկվեց Արցախյան խնդրի լուծումը, ի՞նչ կարծիքի եք, որոշ տարածքների հանձնումն Ադրբեջանին, կարո՞ղ է խնդրի լուծում հանդիսանալ։

-Բոլոր այդ պրոցեսների ժամանակ ներքին քաղաքական թե ներսում, թե դրսից շահարկվում է Արցախյան խնդիրը, բայց Արցախյան խնդիրը շահարկել պետք չի, Արցախյան խնդիրը լուծել է պետք ի օգուտ հայկական կողմի, որը որ վավերացված է։ Իսկ այն քաղաքական առուվաճառքը, ինտրիգային խաղերը՝ սա սրան, սա նրան, սա սրան գրպանահատեց, նա դրան գրպանահատեց, դրանք ամբողջը քաղաքական վաշխառություններ են, որ այսօրվա տհաս գործիչների բթամիտ ուղեղին չհասնելով, փորձում են իրենցից երկաթից ձուլացող տարրեր ներկայացնել, վաղուց այդ կնճռոտ հարցը լուծած պետք է լինեին։ Արցախը մերն է, Արցախը չունի ալտերնատիվ լուծում, և գրավված տարածքներ կոչվածները բոլորը մերն են։

-Մեծ հաղթանակ բերած ազատամարտիկների սոցիալ տնտեսական դժվար կացությունը կարո՞ղ ենք մեր պարտությունը համարել։

-Դա ոչ միայն մեր պարտությունն է, դա մեր պետության խայտառակությունն է, պետության և պետության վաղվա դավադիր քայլերը, որը հիմնադրեց արհամարանք դեպի իր ազգային սերուցքը, և այսօր եկավ կանգնեց այսօրվա կնճռոտ իրավիճակների առաջ։ Ապաշնորհ մարդիկ, որոնք չունեն քաղաքական հեռատեսություն կամ մտավոր հեռատեսություն, նրանք բոլորը բերեցին այսօրվա քաղաքական իրավիճակին, որոնց լրացվեց աշխարհի և ռեգիոնալ և միջռեգիոնալ քաղաքական դիրքորոշումները։

-Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մեր երկրում կենդանի հերոսներին «չեն սիրում»։

-Միանշանակ, ահավասիկ օրինակը՝ ես։ Բոլոր հարկադրանքի միջոցները կիրառվում են, կիրառվել են և կկիրառվեն։

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am