Տարոն Մարգարյանի շտաբում մայիսի 14-ին տեղի ունեցած միջադեպից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դստեր՝ Լիլիթ Դրամփյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը: Նա նշեց, որ Լիլիթ Դրամփյանի առողջական վիճակը բավարար է:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ մայիսի 14-ին, երբ Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ, նրանց նկատմամբ բռնություն էր գործադրվել նախ՝ Փոստանջյանի պնդմամբ, ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետեւ՝ ոստիկանների կողմից: Փոստանջյանին փորձել էին բերման ենթարկել, սակայն ավարտին չէին հասցրել գործողությունը, իսկ նրա դստերը ոստիկանական մեքենաներով տարել էին:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am