ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս պահին բուռն մթնոլորտում ընթանում է աշխատանքային քննարկում, որի ընթացքում նախատեսվում է քննարկել սպառողներին վաճառվող գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ հարցեր: Այս մասին գրում է panorama.am-ը:
Ըստ աղբյուրի՝ քննարկմանը մասնակցում են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու մի շարք քաղաքացիներ, ովքեր բողոքում են, թե քննարկումը չի անցնում նորմալ մթնոլորտում, զեկուցողի` Հանձնաժողովի նախագահի տեղակալի Շիրազ Կիրակոսյանի ձայնը լսելի չէ, բացի այդ, դրսում կան մարդիկ, ովքեր գրանցվել են, բայց նրանց չեն թողնում մուտք գործել հանձնաժողովի մուտքից ներս:
Նրանք առաջարկում են աշխատանքային քննարկումը հետաձգել մեկ օրով, որպեսզի այն անցկացվի ավելի մեծ դահլիճում` բոլոր ցանկացողներին տեղավորելու համար, ինչպես նաև այն ապահոված լինի բարձրախոսներով:
«Եթե կարծում եք, որ քննարկումը տապալելով կհետաձգեք` հետաձգեք, իսկ եթե կան դրսում հանճարեղ տնտեագետներ, ապա խնդրում եմ մեր աշխատակազմի ղեկավարին նրանց ներս հրավիրի: Հասկացեք` մեր հնարավորությունը սա է»,- ասաց Շ.Կիրակոսյանը:
ՀԿ-ների ներկայացուցիչներն էլ ընդդիմանում են` ասելով, որ եթե կոչվում է բաց քննարկում, ապա պետք է բոլորը դրան մասնակցեն: Հակառակ դեպքում, ըստ նրանց, պատրաստվում են լքել դահլիճը: «Կամ նրանց ներս հրավիրեք, կամ դուրս ենք գալիս»,- ասում են նրանք:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա » ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ իրենք առաջարկում են ևս մեկ քննարկում անցկացնել ավելի մեծ դահլիճում` 2 կամ 4 օր հետո: «Մենք քննարկումը շարունակում ենք միայն այս առաջարկն ընդունելու դեպքում»,- Ա.Պողոսյանի առաջարկին նման կերպ արձագանքեցին քննարկման մասնակիցները:
Այս առաջարկից հետո հանձնաժողովի նախագահի տեղակալը ոչինչ չէր ասում, ինչը նյարդայնացրեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանին. «Հիմա ասեք կամ այո, կամ` ոչ: 15 րոպե խոսում ենք, վաայ»:
Շ.Կիրակոսյանը առաջարկեց նիստն ընդմիջել 10 րոպեով: