Lragir.am-ը գրում է.
Ադրբեջանի զինուժը կառավարվող հրթիռով հարված է հասցրել հայկական զենիթային կայանին, ինչը բարեբախտաբար չի հանգեցրել մարդկային կորստի: Ուշագրավ է, որ ադրբեջանցիները իսրայելական Սպայկ տիպի կառավարվող հրթիռ արձակել են մի քանի անգամ, բայց վրիպել եւ նպատակին հասել է միայն մեկ հրթիռ:
Արդյոք ադրբեջանցիները փորձարկել են նոր ձեռք բերած զինատեսակը, թե՞ այստեղ կա ավելի լայն քաղաքական ենթատեքստ, եւ ադրբեջանցիները Արցախի հետ սահմանին կիրառելով փաստացի նոր զինատեսակ, դիմում են քաղաքական շանտաժի:
Ապրիլից հետո Ադրբեջանին ոչ մի կերպ չի հաջողվում դուրս գալ այն փակուղուց, որում հայտնվեց տապալված գրոհից հետո: Ռուսաստանին նախաապրիլյան գործակցության դաշտ բերելու փորձերը չեն ունենում հաջողություն, մի շարք թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Դրան զուգահեռ, նկատելի է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման հարցում Բաքվի վրա ճնշման ուժգնացում: Դրա մասին է վկայում այն, որ Ադրբեջանը ստիպված էր ԵԱՀԿ իր ներկայացուցչի շուրթերով ուղղակի հայտարարել, որ այդ մեխանիզմին դեմ է, քանի որ դա ստատուս-քվոյի ամրագրման միջոց է, եթե ներդրվում է մինչեւ հայկական զինուժի հետքաշումը:
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը օրերս հայտարարեց, թե Մոսկվայում ապրիլի վերջին տեղի ունեցած Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հույս է ներշնչել, հիմք է տվել մտածելու, որ հնարավոր է խաղաղություն տարածքների դիմաց բանաձեւի կիրառում: Ինչու՞ է Մամեդյարովը հայտարարում այդ մասին: Երեւանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու՞, թե՞ Ադրբեջանի հանրության համար:
Չէ՞ որ եթե կա այդպիսի իրական «հույս», ապա դրա առարկայացումը ավելի շուտ պահանջում է լռություն, քան բարձրաձայնում: Ուրեմն ինչու՞ է Մամեդյարովը բարձրաձայնում այդ հույսի մասին, ու՞մ համար: Արդյոք նրա հայտարարությունն արդարացում չէ Ադրբեջանի հանրության առաջ, ցույց տալու համար, թե հանդիպում են ոչ թե հրադադարի մեխանիզմի ներդրման հարցը քննարկելու համար, այլ տարածքներից հայկական զինուժի դուրսբերման:
Մամեդյարովի այդ հայտարարությանը հաջորդում է սահմանին կառավարվող հրթիռի կիրառումը հայկական զենիթահրիթռային կայանի դեմ: Եթե Բաքուն իրապես ունի տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւի հույս, ինչպես նշում է Մամեդյարովը, ապա տրամաբանությունը հուշում է, որ շփման գծում պետք է պահի հարաբերական կայունություն՝ գործընթացը չփչացնելու համար:
Մինչդեռ Բաքուն մի կողմից խոսում է «հույսի» մասին, մյուս կողմից արձակում կառավարվող հրթիռ, ինչը վկայում է, որ Բաքուն իրականում չունի այն հույսը, որի մասին խոսում է Մամեդյարովը: Ավելին, Բաքուն ունի մտահոգության մի շարք առիթներ, ընդ որում ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական:
Քաղաքական առումով Ադրբեջանի համար մտահոգիչ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հարցազրույցը Ամերիկայի Ձայնին, որտեղ Հոգլանդը գործնականում տողատակով մատնանշում էր, որ չկա ստատուս-քվոն պահելու այլընտրանք, եւ խնդիրը պահելու նոր մեխանիզմի ձեւավորումն է:
Դրան զուգահեռ, Ադրբեջանում ակնառու են տնտեսական խնդիրները: Այդ երկրի խոշորագույն բանկը գործնականում անվճարունակ է: Կանխատեսվում է նաեւ նավթի արդյունահանման նվազում:
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանին պատերազմի անթույլատրելիության մասին զգուշացնում են թե ամերիկացի համանախագահը, թե Իրանի պաշտպանության նախարարը:
Բաքվին մնում է շանտաժը:
Ինչ կպատասխանի Երեւանը: Արագ պատասխան չկա, դժբախտաբար, եւ լոկալ բնույթի շանտաժն ու սադրանքը Ադրբեջանը կշարունակի դեռ երկար:
Պատասխանի մասով խոսքն իհարկե կարող է լինել երկու ուղղության մասին. անվտանգության հետեւողական բարձրացում առաջնագծում՝ առաջանցիկ թե տեմպով, թե բովանդակությամբ, եւ պետական քաղաքականության սկզբունքային փոփոխություն ներքին եւ արտաքին առումով, ինչի շնորհիվ պետք է փոխել ընդհանրապես խնդրի շեշտադրումներն ու տրամաբանությունը:
Հայաստանում ներկայում իշխանությունը զբաղված է 2018-ի խնդրով, ինչը հիմք է տալիս ենթադրության, որ առնվազն առաջիկա տարում Արցախի խնդրում պաշտոնական Երեւանը չի գնա որեւէ սկզբունքային փոփոխության՝ եթե միայն դա անհրաժեշտ չլինի հենց 2018-ի ապրիլի համար:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am