Երևանի ավագանու ընտրությունները ու դրանց նկատմամբ մեծացող հետաքրքրությունը դաշտում քննարկման հարց բարձրացրեցին` արդյոք կառավարությունում քննարկվել է համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ անցկացնելու հարցը: Կամ գուցե արդեն կա՞ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն: Այս և խնդրի շուրջ մի շարք այլ հարցերով Panorama.am-ը դիմեց Տարածքային կառավարման նախարարություն, որտեղից էլ տեղեկացրեցին` հանրապետության խոշոր քաղաքային համայնքներում Երևանի ավագանու ընտրության մոդելի կիրառման վերաբերյալ փորձագիտական շրջանակում քննարկումներ սկսվել են դեռ 2009թ. Երևանի ավագանու ընտրություններից հետո:
Ու թեև նման օրենսդրական նախաձեռնություն չկա, սակայն ՀՀ կառավարության նոր ծրագրի նախագծում կա դրույթ, ըստ որի պետք է "շարունակել ավագանու ինստիտուտի կայացմանն ու դերակատարման բարձրացմանն ուղղված քայլերը, ներդնել ավագանու ձևավորման նոր, քաղաքական (նաև՝ համամասնական կարգով) ինստիտուտ": ՏԿՆ-ից հավաստիացրեցին, որ առաջիկա տարիներին այդ հարցը կուսումնասիրվի, փորձագիտական լայն քննարկումներ կիրականացվեն և համապատասխան որոշումներ կկայացվեն:
Panorama.am-ի հաջորդ հարցին, թե որքանով արդյունավետ կլինի այդ համակարգը համայնքային զարգացման համար, մեջբերվեց ոլորտի մասնագետների կարծիքը, ըստ որի` նման մեխանիզմի ներդրումը կնպաստի ավագանու ինստիտուտի կայացմանը` այն դարձնելով ավելի գործուն ու կենսունակ և հնարավորություն կընձեռի, որ ավագանին լիարժեք կարողանա կատարել ներկայացուցչական մարմնի իր դերը: Այդ մեխանիզմի օգնությամբ, ըստ մասնագետների, հնարավոր կլինի ապահովել համայնքի ղեկավարի կողմից ընդունվող որոշումների ու գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանո՞վ համամասնական ընտրակարգը կարող է նպաստել ՏԻՄ-երում կանանց թվի ավելացմանը և առհասարակ` արդյոք ներկայումս ՏԻՄ-երում առկա կանանց թիվը գոհացուցիչ է և եթե ոչ, ապա համամասնական ընտրակարգը լուծում այս խնդրում պարունակում է, թե ոչ` ստացանք հետևյալ պատասխանը.
"Ընտրական օրենսգրքով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցության դաշինքներին ընտրական ցուցակների կազմման հարցում որոշակի պահանջներ են ներկայացվում: Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի 155-րդ հոդվածում նշվում է, որ "Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը":
Ենթադրվում է, որ նույն մեխանիզմը կարող է գործել նաև խոշոր համայնքների պարագայում, ինչը կարող է նպաստել ավագանու կազմում կանանց թվի ավելացմանը":
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է ներկայումս ՏԻՄ-երում կանանց ներգրավվածության ցուցանիշը գոհացուցիչ, նշված է` "ցուցանիշը, բնականաբար, գոհացուցիչ չէ": Իսկ հարցին, թե արդյո՞ք կարելի է ասել, որ ՏԻՄ համակարգը Հայաստանում տղամարդկանց ձեռքում է, ստացել ենք հետևյալ պատասխանը.
"Հանրապետությունում ներկայումս կին համայնքապետերի թիվը 19 է: Ավագանու կին անդամների թիվը կազմում է ընդհանուր թվի մոտ 7 տոկոսը: Պատկերն այլ է համայնքային ծառայության ոլորտում: Համայնքապետարանների աշխատակազմերում համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնողների 51.4 տոկոսը կանայք են":