Արմավիայի Կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ակցիա անցկացնող նախկին աշխատակիցներին չհաջողվեց մտնել ներս՝ հանդիպելու ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին։

Անվտանգության աշխատակիցները փակեցին դուռը նրանց առաջ՝ ոչ մի պատճառաբանություն չտալով։

Այնուհետեւ աշխատակիցները որոշեցին գնալ հաշվապահություն՝ ստանալու իրենց աշխատավարձի վերջնահաշվարկի փաստաթուղթը, այն ստանալուց հետո նրանք անակնկալի եկան, քանի որ մեկ ժամվա համար նախատեսված աշխատավարձի չափը հաշվարկել էին 4 անգամ քիչ։

Մեկ ժամվա աշխատանքի դիմաց աշխատակիցները/ օդաչու, բորտուղեկցորդուհի, տեխնիկ/  նախկինում ստանում էին 4500 դրամ, իսկ այժմ հաշվարկել էին 1000 դրամ։ 

Այս հարցը պարզելու համար նրանք փորձեցին հանդիպել գլխավոր տնօրեն Նորյար Բելույանի հետ, որը եւս չընդունեց նրանց։

Այս պահին «Արմավիայի» մի խումբ աշխատակիցներ նստած են ընկերության գլխավոր գրասենյակի դիմաց՝ հույս ունենալով, որ Միխայիլ Բաղդասարովը կընդունի նրանց։

 

Քիչ առաջ լրագրողներին եւ «Արմավիայի» նախկին աշխատակիցներին ընդունեց «Արմավիայի» մամուլի պատասախանատու Նանա Ավետիսովան, ով փոխանցեց ղեկավարության խոսքը։  Ըստ նրա՝   հունիսի 7-ին նրանք կստանան իրենց աշխատավարձը, սակայն Արմավիայի նախկին աշխատակիցները չհավատացին այդ խոստմանը` պահանջելով, որ իրենց հետ անձամբ խոսի Բաղդասարովը:

Այնուամենայնիվ, Նանա Ավետիսովան վստահեցրեց, որ սնանկության հարցով դատարան դիմելուց հետո իրենք կմարեն պարտքերը վճռի համաձայն։ Ընկերությունը դեռ չի դիմել դատարան. պատրաստվում է փաթեթը։

 Աղբյուրը՝A1+