ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 21-ամյա Կարեն Դանիելյանը Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ էր: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մայիսի 20-ին, Սարատակի գյուղապետ Միշա Ղրզոյանը նշեց, որ Կարենը ընտանիքի միակ որդին էր, ունի իրենից փոքր քույր:
«Շատ լավ տղա էր, շատ լավ ընտանիք ունի: Բանվորի ընտանիքից է, սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդիկ են»,-ասաց նա:
Միշա Ղրզոյանը նշեց, որ Կարենը բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ, իսկ ծնողների հետ հեռախոսով խոսել էր մայիսի 19-ին. «Երեկ ցերեկն էր խոսել ծնողների հետ, ասել էր, որ ամեն ինչ լավ է»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am