«Հասան Ռուհանիի՝ Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելը Հայաստանի շահերի տեսանկյունից զուտ ժամանակային առումով ձեռնտու է մեզ։ Եթե նոր նախագահ ընտրվեր, ապա կառավարության կազմավորման, ուղեգծի ճշգրտման և այլ առումներով գործընթացը որոշակի ժամանակահատված կպահանջեր, բայց այժմ վստահ կարող ենք ասել, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք կայացել են Հայաստանի և Իրանի միջև, շարունակվելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ, թեև չկա անձերի փոփոխություն, բայց Իրանի ներքաղաքական օրակարգը որոշակիորեն փոփոխվելու է. «Չնայած այն հանգամանքին, որ Ռուհանիին հսկայական թվով մարդիկ են ձայն տվել, այդուհանդերձ, Իրանի քաղաքացիների ակնկալիքները կրկին աճել են՝ կապված նախ և առաջ՝ երկրի ներսում որոշակի ազատականացման գործընթացներ ապահովելու հետ, և երկրորդ՝ տնտեսական հաջողություններ գրանցելու առումով են աճել։ Ռուհանիի կառավարման տարիներին Իրանի արտաքին քաղաքական օրակարգի գրեթե բոլոր կետերը հաջողությամբ իրականացվել են, բայց ներքաղաքական սպասելիքներն առկա են, որովհետև Իրանի բնակչությունը հիմնականում երիտասարդ է, և առկա պրոբլեմները՝ կապված աշխատատեղերի, տնտեսական հաջողություններ գրանցելու հետ, դեռևս առկա են»։
Իրանագետը նշեց, որ արտաքին քաղաքականության ուղեգծում Իրանը լուրջ փոփոխությունների չի գնա. «Իրանցիների դիրքերն ամրապնդվել են նաև արտաքին աշխարհում՝ հաշվի առնելով ընտրությունների բարձր մասնակցայնությունը, ապահովվեց մրցակցային բարձր մթնոլորտ ընտրություններում, և մինչև վերջին պահը դժվար էր կանխատեսել, թե որ թեկնածուն կընտրվի։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Իրանում հետընտրական գործընթացներ չեղան, որովհետև իրանական համապատասխան մարմիններն ապահովել էին ընտրությունների ազատ և թափանցիկ բնույթը։ Այս իմաստով՝ Ռուհանին իր երկրորդ նախագահության շրջանում ունենալու է շատ ավելի ամուր դիրքեր»։
Այս ամենն իրանագետը համարում է չափազանց կարևոր՝ հաշվի առնելով այն փաստը, որ Մերձավոր Արևելքում զարգացումները նոր փուլ են թևակոխում. «Չեմ կարծում, որ պատահական էր հենց Իրանի նախագահի ընտրության օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելությունը տարածաշրջանում Իրանի ախոյան երկիր՝ Սաուդյան Արաբիա։ Մերձավոր Արևելքում Իրանը կունենա շատ ամուր դիրքեր, կշարունակի իր գործունեությունը սիրիական գործընթացներում, պահպանելու է զգալի ազդեցության լծակներ Արաբական թերակղզում, և այլն»։
Անդրադառնալով արաբական երկրների գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությանը, նա ասաց, որ քաղաքական մակարդակում դա Ադրբեջանի երկրորդ թշնամական քայլն էր Իրանի դեմ. «Առաջինն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցն էր Ադրբեջան, և երկրորդը՝ փաստացի հակաիրանական գագաթաժողովին Ադրբեջանի նախագահի մասնակցությունը Սաուդյան Արաբիայում։ Իրանցիներնը, ի տարբերություն մեզ՝ ունեն մի կարևոր առանձնահատկություն. մենք պոռթկուն ժողովուրդ ենք, և մեր արձագանքը հենց կարճաժամկետ ժամանակահատվածում է և չափազանց զգացական։ Իրանցիների մոտ այդպես չէ։ Անշուշտ, իրանական պատասխան լինելու է, լինելու են երևացող և չերևացող համապատասխան գործողություններ, և Ադրբեջանի նախագահի կողմից սխալ էր այդ միջոցառմանը մասնակցելը։ Մենք պետք է քարոզչական դաշտում սա օգտագործենք»։