Համայնքային մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները եւս կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 29-ին, քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է սկսել նախապատրաստական աշխատանքներ՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին եւս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ:
«Արդեն իսկ սկսեք համապատասխան աշխատանքները, որ մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության որոշ կազմակերպությունների աշխատակիցների նման համայնքային մանկապարտեզների աշխատակիցները նույնպես ստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ: Աշխատանքներն այնպես կազմակերպեք, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից մեր մանկապարտեզների բոլոր շուրջ 6000 աշխատակիցներն ապահովված լինեն առողջապահական ապահովագրության փաթեթներով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: