Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Ավագյանի գործի դատական քննությունը:
43-ամյա Կարեն Ավագյանին մեղադրանք էր առաջադրված մահվան ելքով վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:
Վթարի պահին Կարեն Ավագյանն աշխատում էր որպես ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար: Նրան ամրակցված էր «ՎԱԶ-21124» ծառայողական ավտոմեքենան:
Դեպքի օրը 2015 թվականի դեկտեմբերի 20-ն էր՝ կիրակի:
Ըստ դատական ակտի՝ այդ օրը Կարեն Ավագյանն իր գործընկերոջ՝ ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, 35-ամյա Վազգեն Գ.-ի հետ գտնվել է Երևանի Սաֆարյան փողոցի իր նորակառույց տանը: Գործընկերները ցանկացել են այդտեղից մեկնել Էրեբունի թաղամաս՝ հոգեհանգստի արարողության մասնակցելու համար:
Կարեն Ավագյանը տնային հագուստով է եղել, որոշել է նախ գնալ Թոթովենցի փողոցում գտնվող իր բնակարան՝ զգեստափոխվելու:
Դուրս գալով տանից՝ Վազգենը նստել է ծառայողական մեքենայի առջևի աջ նստատեղին, Կարեն Ավագյանը՝ վարորդի տեղում:
Նա 50-60 կմ/ժ արագությամբ երթևեկել է Սաֆարյան փողոցով դեպի Բագրևանդի փողոց:
Ընթացքի ժամանակ, ըստ դատական ակտի, հանդիպակաց ուղղությամբ ընթացող մեքենայի լույսերից շլանալով, Կարեն Ավագյանը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել մեքենան կանգնեցնելու համար՝ ունենալով վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն:
Դրա փոխարեն նա մանևրել է դեպի աջ ու Դուրյան թաղամասի թիվ 45 շենքի դիմաց բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «ԳԱԶ» մակնիշի բեռնատարին:
Բախման հետևանքով ուղևոր Վազգեն Գ.-ն մահացել է:
Դատարանում Կարեն Ավագյանն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել ու միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:
Մեղադրողը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը չեն առարկել:
Տուժողի իրավահաջորդը դատարանին դիմում էր հղել, որով հայտնում էր, թե ամբաստանյալի դեմ բողոք, գույքային պահանջ չունի: Նա խնդրում էր ամբաստանյալի նկատմամբ նշանակել մեղմ պատիժ՝ նկատի ունենալով, որ նա ու տուժողը եղել են ընկերներ, իսկ կատարվածն անզգույշ հանցագործություն է:
Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալի խնամքին է անչափահաս որդին, ամբաստանյալն անկեղծորեն զղջացել է, տվել է խոստովանական ցուցմունքներ, բնութագրվում է դրական:
Ըստ գործի տվյալների՝ Կարեն Ավագյանը 1996-2003 թվականներին աշխատել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ: Այդ աշխատավայրից նրան բնութագիր է տրվել, ըստ որի՝ նա «խելացի, բանիմաց, պարտաճանաչ, կազմակերպված անձնավորություն է, բարեխիղճ կատարել է իրեն տրված հանձնարարությունները»:
2008 թվականից մինչև 2015 թվականի հունիս ամիսը Կարեն Ավագյանն աշխատել է որպես ՀՀ վերահսկիչ պալատի վարչության պետի տեղակալ: Ըստ բնութագրի՝ նա աշխատանքում «դրսևորել է պետական մոտեցում»:
2015 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր՝ դեպքի օրը, Կարեն Ավագյանը ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Ըստ գործի տվյալների՝ Կարեն Ավագյանը նաև հասարակական հիմունքներով ակտիվորեն մասնակցել է Համահայկական խաղերի կազմակերպական աշխատանքներին, արժանացել է շնորհակալագրերի, բնութագրվել է որպես «պարկեշտ, բարեկիրթ ու բարեհամբույր անձնավորություն»:
Դատարանը հաշվի է առել, որ վթարի հետևանքով ամբաստանյալը ստացել է մարմնական վնասվածքներ, տուժողը եղել է նրա ընկերը, տուժողի իրավահաջորդը բողոք կամ պահանջ չի ներկայացրել, խնդրել է ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակել:
Դատարանը հաշվի է առել վթարին նպաստած պայմանները՝ վթարային իրավիճակի առաջացման հանկարծակիությունը, հանդիպակաց մեքենայի հեռահար, շլացնող լույսերը, այն, որ ճանապարհի աջ մասում կայանված է եղել բեռնատար՝ տվյալ երթևեկելի գոտին ունեցել է 4,9 մետր լայնություն, բեռնատարը աջ մայթեզրից կանգնած է եղել 2,5 մետր հեռավորության վրա:
Նման պայմաններում, ըստ դատական ակտի, ամբաստանյալը ճիշտ չի կողմնորոշվել, չի նվազեցրել մեքենայի արագությունը, մանևրել է դեպի աջ ու բախվել է կանգնած բեռնատարին, ինչի հետևանքով մահացել է նրա մեքենայում գտնվող Վազգեն Գ.-ն:
Ըստ դատարանի եզրահանգման՝ նման պայմաններում նվազում է ամբաստանյալի արարքի հանրային վտանգավորությունը:
Դատարանը Կարեն Ավագյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, դատապարտել է 1 տարի ազատազրկման՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Կարեն Ավագյանի նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 1 տարի փորձաշրջան:
Վթարված ծառայողական մեքենան, որ իրեղեն ապացույց էր ճանաչված ու գտնվում էր ՃՈ տուգանային հրապարակում, վերադարձվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմին: