Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ 2017թ. հունվար ամսին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Իրան կատարած այցով ակնհայտ դարձավ, որ Արցախի հարցի շուրջ լուրջ խնդիրներ կան Իրանի և Իսրայելի միջև։
«Դա բաց տեքստով ասվել էր ՀՀ պաշտպանության նախարարին, ու թեև այդ հակասությունների մասին վաղուց գիտեինք, բայց առաջին անգամ պաշտոնական մակարդակում հայտարարվեց այդ մասին։ Մենք գիտենք, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինելը, առաջին հերթին, նպատակ է հետապնդում՝ Իրանի համար հյուսիսում լրջագույն խնդիր ստեղծել։ Պաշտոնական Թեհրանի բավական կոշտ արձագանքը նշանակում է, որ Իրանն առնվազն հետաքրքրված է, որպեսզի Հարավային Կովկասում և առաջին հերթին՝ արցախյան հակամարտության գոտում լարվածության աճը բացառվի»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց նա։
Նրա խոսքով՝ ՀՀ-Իրան համագործակցության առումով անվտանգության ոլորտում շատ մեծ պոտենցիալ կա. «Չնայած ԱՄՆ ներկայիս վարչակազմի՝ Իրանի նկատմամբ շատ կոշտ դիրքորոշմանը, Հայաստանը պետք է ընդլայնի Իրանի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Դա բավականին բարդ խնդիր է, եթե հաշվի առնենք, որ ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ևս դրանում, մեղմ ասած՝ շահագրգռված չէ։ Բայց սա այն հնարավորությունն է, որը Հայաստանն իրավունք չունի բաց թողնել։ Էլ չեմ խոսում Իրանի կողմից առաջարկվող հաղորդակցության ուղիների ծրագրերի մասին»։
Դավիթ Շահնազարյանը նշեց, որ ամբողջ աշխարհում անվտանգության առումով ճգնաժամ է, որը, ըստ նրա՝ գալիս է լիբերալ դեմոկրատիայի ճգնաժամից. «Բայց նաև կարծում եմ, որ սկսվել է այդ ճգնաժամի հաղթահարման փուլը։ Անվտանգության ճգնաժամի պայմաններում տնտեսությունը թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում բավական լավ վիճակում է։ Այս ամենը նշանակում է, որ անորոշությունների հիման վրա ստեղծվել է շատ փխրուն հավասարակշռություն»։
Նրա դիտարկմամբ՝ այսօր Սպիտակ տունը չունի հստակ մշակված քաղաքականություն՝ Հարավային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպայի նկատմամբ.
«Թրամփի այցը Սաուդյան Արաբիա և սպառազինությունների պայմանագրի ստորագրումն ակնհայտորեն ուղղված էր Իրանի դեմ, որովհետև նա լրջագույն գործոն է սիրիական հակամարտությունում։ Թուրքիայի համար էլ է այս ամենը, մեղմ ասած՝ ոչ հաճելի։ Եվ եթե հիմա Թուրքիան փորձ անի վերականգնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, ապա դա կբխի նաև Հայաստանի շահերից։
Թուրքիան կդառնա ավելի կանխատեսելի, և երկրորդ, մի լուրջ վտանգ կա. եթե շարունակեն լարվել Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, որտեղ հիմնական խնդիրը փախստականների հարցն է, քանի որ Թուրքիայում 3 մլն 200 հազարից ավելի փախստականներ կան, և մի քանի անգամ Թուրքիան սպառնացել է, որ սահմանները կբացի դեպի Եվրոպա։ Ես չեմ բացառել, որ կարող է հանկարծ փախստականների մի քանի տասնյակ հազարանոց խումբ ուղղվել Հայաստան։ Դա չափազանց լուրջ խնդիր կդառնա մեզ համար»։