Երեկ ուշագրավ նյութ է հրապարակել «Հետքը»: Դոն Պիպոյի մահափորձի մեղադրանքով կալանավորված երեք անձանցից մեկի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը կայքին պատմել է, թե այս գործով անազատության մեջ գտնվող մարդիկ նախ առևանգվել են ինչ-որ զինված մարդկանց կողմից, երեք օր ենթարկվել են խոշտանգումների, ապա առևանգողների կողմից «հանձնվել» են իրավապահ մարմիններին: Հարցազրույցը սարսափելի տպավորություն է թողնում և ծնում է մի քանի հարցեր այս խորհրդավոր պատմության շուրջ:

Ովքե՞ր են այդ մարդիկ, արդյո՞ք մեր իրավապահները կարիք ունեն թաքնվել նման անհայտ «զինյալների» թիկունքում: Եթե այո, ապա Հայաստանի իրավապսհ մարմիններում վերականգնվել է առևանգումների և խոշտանգումների ինստիտուտը, որի իմաստն այն է, որ մինչև հանցագործության մասին պաշտոնական հաղորդումը՝ ցուցմունք կորզվի այն ենթադրյալ կամ մտացածին թիրախներից, որոնք հետո հայտարարվելու են կասկածյալներ կամ մեղադրյալներ: Այս դեպքում ո՞րն է երաշխիքը, որ իսկապես ձերբակալվել են մարդիկ, ովքեր պոտենցիալ քիլերներ են և առնչություն ունեն Դոն Պիպոյի մահափորձի հետ: Կամ գուցե ոչ մի մահափորձ էլ ծրագրված չի եղել, ու մենք գործ ունենք բեմականացման հետ, ու այս դեպքում անհասկանալի է այս ամբողջ շոուի նպատակը:

Նույնքան սարսափելի կլինի, եթե պարզվի, որ մարդկանց առևանգել և երեք օր անազատության մեջ խոշտանգելուց հետո իրավապահներին են հանձնել քրեական աշխարհի ներկայացուցիչները: Սա առնվազն հիմք կտա ենթադրելու, որ մահափորձը բացահայտել են քրեականները, ապա գործը «պաս» են տվել իրավապահներին:

Եթե մի պահ ընդունենք այս վարկածի հնարավորությունը, ապա ակամայից խոստովանում ենք սարսափելի այն իրականությունը, որ Հայաստանում վերացել է իրավապահների ու կրիմինալի սահմանը, և այս երկու «աշխարհներն» այնքան են ներծծվել միմյանց մեջ, որ իրար գործեր են «պաս» տալիս, ասենք՝ կրիմինալը կարող է պատժել իշխանության համար անցանկալի մեկին, իսկ իրավապահները կարող են բռնել որևէ մեկին, եթե նման «խնդրանք» լինի «յուրային» քրեական խմբավորումից:

Եթե գործում է այս տրամաբանությունը, ապա միանգամայն հնարավոր է, որ հիմա կալանավորված են մարդիկ, ովքեր քիլերներ չեն ու ընդհանրապես որևէ առնչություն չունեն ենթադրյալ մահափորձի հետ, այլ պարզապես Դոն Պիպոյի կամ այլ մեկի «չուզողներն» են, ովքեր հնարավոր է՝ «ազդեցիկ» մարդկանց ոտք են «տրորել»:

Հակառակ պարագայում անհասկանալի է, թե ինչու պետք է նրանց առևանգած զինված խումբը «սամասուդ» չաներ մարդկանց, ովքեր իրականում կապ ունեն Դոն Պիպոյի մահափորձի հետ: Համենայնդեպս, այդպես է ընդունված քրեական աշխարհում: Կամ եթե առևանգումն իրականացրած զինված խմբի անդամները եղել են ծպտյալ իրավապահներ, ո՞րն է եղել ոստիկանությունից կամ մեկուսարանից դուրս պոտենցիալ հանցագործներին պահելու իմաստը: Ի վերջո, նույն խոշտանգումը կարող էին իրականացնել պետական վայրերում, կամ՝ ինչպես հավատաս հանցագործության բացահայտմանը, եթե դա տեղի է ունեցել խոշտանգումների միջոցով: