Ադրբեջանական գործողություններում որեւէ տարօրինակ բան չկա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երեկ շփման գծում տեղի ունեցածին նման գնահատական տվեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Մեզ համար ողբերգություն է, մենք ունեցանք երեք զոհ, ողջ ազգը սգում է, սա ամենավատ, ամենաանդառնալի կորուստն է, բայց ադրբեջանական գործողություններում որեւէ տարօրինակություն չկա, միշտ եղել է ահաբեկչական, հանցագործ ու նենգ պետություն եւ կրկին անգամ դիմել է ահաբեկչական քայլի, այսինքն ահաբեկիչներին եւ հանցագործներին բնորոշ վարքագիծ է դրսեւորել»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Պաշտոնական Ստեփանակերտի բնորոշմամբ, ադրբեջանական կողմի գործողությունները խրախուսում է Թուրքիան, որի հետ համատեղ խոշոր զորավարժություններ են անցկացնում. «Սա միջազգային ահաբեկչության մի շղթա կարելի է համարել»:
Դավիթ Բաբայանի կարծիքով, տեղի ունեցածը կարելի է համարել նաեւ Ադրբեջանի պատասխանը Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությանը: Նրա խոսքով, այժմ նույնպես համանախագահները պետք է կոշտ, խիստ եւ հասցեական հայտարարություն անեն:
«Պետք է քայլեր ձեռնարկել ագրեսորին զսպելու համար: Մենք մեր կողմից դա անելու ենք, ինչպես եւ միշտ արել ենք, միջազգային հանրությունն անպայման պետք է նման կեցվածք դրսեւորի»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին հակառակորդի կրակոցի հետեւանքով նույն վայրում 3 զինծառայող է զոհվել: Ըստ ՊԲ պաշտոնական տեղեկատվության՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: