Երեկ Արցախում զոհված 20-ամյա զինծառայող Վարդան Սարգսյանը երաժիշտ էր, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանող: Կայքի տեղեկություններով`Վարդանն առաջին կուրսից զորակոչվել էր բանակ: Yerkir.am-ի հետ զրույցում Վարդանի համակուրսեցիները պատմեցին որ նա լավ երաժիշտ էր, բազմակողմանի զարգացած տղա: «Շատ լավ անձնավորություն էր, դուդուկահար էր, լավ նվագում էր»,-նշել է կայքի զրուցակիցը:
Կայքը նշում է, որ Վարդան Սարգսյանը Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից էր:
Դեռևս նախորդ տարի Վարդանը սոցիալական ցանցի իր էջում հուզիչ գրառում էր կատարել. այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Զինվոր… Խավար մութ գիշեր էր հայոց աշխարհում, զինվորը մթին քայլում էր, երգում, իսկ մայրը անքուն մոմեր էր վառում, որդու վերադարձին լալիս, աղոթում: Մեկ օր հավքը խաբար բերեց իր սուրբ մայրիին` կռվի դաշտում հավերժ ընկավ քո հերոս որդին, վերջին անգամ նամակ գրեց իր սուրբ մայրիկին, անուշ մայրիկին, քնքուշ մայրիկին: Արտասվում էր մայրը իր բալին գրկած, արյունը խոսում էր սրտից քարացած, բայց չէր կարող բուժել վերքերը խոցված. Խաբար, խաբար, խաբար, թռչուններ մեկ խաբրիկ բերեք կարած երազից, որ լույս չտեսավ աշունն իմ կյանքիս»: