Վերաքննիչ դատարանում վերջապես նշանակված է եղբորս գործով նիստը, այն կայանալու է հունիսի 23-ին․ այս մասին Tert.am-ին հաղորդեց Բաքվում բանտարկված Մարատ-Ուելդանով Գալուստյանի քույրը՝ Մարիանա Միրզոյանը:
«Մարատն ինձ հեռախոսազրույցում պատմել է, որ գրել է նամակ Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, որ նրան հանձնեն Ռուսաստանին՝ իր պատիժը կրելու համար: Բացի դրանից՝ նամակ է գրել Ռուսաստանի դեսպանատուն, որ ցանկանում է հանդիպել Ադրբեջանում ՌԴ-ի հյուպատոսության բաժնի ղեկավար Օլգա Յուրիևայի հետ, բայց նրա դիմումները չեն փոխանցվել հասցեատերերին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում էին ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:
Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չէր հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:
2016թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով քննությունը: Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ: Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Մարիանա Միրզոյանը պատմեց, որ եղբոր խոսքով՝ մեկուսարանի ղեկավարն իրեն բաց տեքստով զգուշացրել է , որ նամակները չեն փոխանցելու:
«Այդ իսկ պատճառով, ես, որպես Մարատի հարազատ քույր, ինքս եմ հունիսի 13-ին էլեկտրոնային տարբերակով՝ ֆաքսով իմ դիմումն ուղարկել Ադրբեջանի արդարադատության նախարարությանը՝ խնդրանքով, որ եղբորս տեղափոխեն Ռուսաստան»,- պատմեց նա:
Եղբոր հետ հեռախոսազրույցը Մարիանա Միրզոյանը հրապարակել է,որտեղ Մարատ Ուելդանով-Գալուստյանը դժգոհում է, որ իր ադրբեջանցի փաստաբանը ոչնչով չի ցանկանում իրեն օգնել: Ինչպես նաև՝ նա բողոքում է, որ իրեն տեղյակ չեն պահում իր գործի հետ կապված մանրամասներից, նաև սուտ տեղեկատվություն են տարածում նրա գործի հետ կապված:
«Ի՞նչ է ընդհանրապես կատարվում: Ես իրավունք ունեմ այդ մասին իմանալու, բայց ոչ ոք ինձ հետ այստեղ հաշվի չի նստում: Ի՞նչ է, ես այստեղ երրորդ սորտի մա՞րդ եմ, թե՞ կենդանի: Խնդրում եմ իմ նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերել»,- բողոքել է քրոջը Մարատ Ուելդանովը հեռախոսազրույցում: