«Ցանկալի փեսացու» նախագծից հայտնի դարձած Ալեքսանդրա Սամուելենկոն, որը, որպես դերասանուհի ներկայանում է «Չեյնջ» սիթքոմում, ընտրյալ ունի։ Ալեքսանդրան չի հրապարակում սիրելիի լուսանկարը, սակայն Tert.am Life–ի հետ զրույցում առաջին անգամ խոսել է սիրելիի մասին և հայտնել, որ կողակիցը որևէ կապ չունի շոու բիզնեսի հետ։
Նա նշեց, որ ընտրյալն իրենից մեծ է տարիքով, իսկ հարաբերություններն օրինականացնելու մասին առայժմ չեն մտածում։ «Ժամանակին ես եղել եմ քաղաքացիական ամուսնության մեջ ու դեռևս ոչ մի տեղ չեմ շտապում։ Մենք միասին չենք ապրում, ուղղակի հանդիպում ենք։ Մոտ 1 ամիս է, ինչ միասին ենք, սակայն ծանոթ ենք 9 տարի։ Մենք իրար ավելի լավ ենք հասկանում, որովհետև ամեն ինչ գիտենք իրար մասին»,– ասաց նա։
Ալեքսանդրայի խոսքով` «Ցանկալի փեսացու»–ի ավարտից հետո առաջին անգամ է լուրջ հարաբերություններ սկսում. «Ուզողներ միշտ ունեցել եմ, սակայն լուրջ հարաբերություններ միայն հիմա ունեմ»։
Ալեքսանդրան չի խուսափում բաց կերպարներից։ Ըստ նրա` դա չի ազդում անձնական հարաբերությունների վրա։ «Մեզ մոտ խնդիրներ չեն լինում։ Ես ընտրել եմ մի տղամարդու, որը, ինձ ընտրելով, հասկանում է, որ ես երևացող եմ։ «Ցանկալի փեսացու»–ում էլ եմ ասել, որ իմ ընտրյալի համար շատ դժվար կլինի։ Ես ընտրեցի ուժեղ տղամարդու»,– նշեց դերասանուհին ու նկատեց, որ հայկական իրականության մեջ տղամարդիկ, երբեմն, անկիրթ վարքագիծ են ունենում, սակայն ինքը դրանից չի սրտնեղում։
«Նման դեպքերի շատ եմ հանդիպում Հայաստանում։ Նույնիսկ ուղղակի քայլելուց կարող է ռեպլիկներ անեն, սակայն ես վաղուց ուշադրություն չեմ դարձնում դրան։ Սովորել եմ։ Հայաստանում տղամարդիկ գռեհիկ են։ Դա չի ազդում նաև կողակցիս հետ հարաբերություններիս վրա։ Իրեն ավելի շատ ոգևորում է դա, լավ է զգում, որ կողքին նման աղջիկ կա»,– ասաց Ալեքսանդրան։
«Չեյնջի» երկրորդ եթերաշրջանի նկարահանումներն արդեն ավարտվել են, հունիսի 25-ին նա կմեկնի Եգիպտոս՝ 14-օրյա հանգստի։ Դերասանուհին նախապատվությունը 5 աստղանի հյուրանոցի։ «Նախընտրել եմ 5 աստղանի հյուրանոց, քանի որ մենակ եմ, հիմնական ժամանակս հյուրանոցում եմ անցկացնելու։ Հայաստանում հանգիստը թանկ է, ավելի լավ է գնալ ծովափնյա մի տեղ, որտեղ կարող ես ավելի մատչելի հանգիստ կազմակերպել»։
Հանգստի ընթացքում սիրելին չի ուղեկցի Ալեքսանդրային։ «Ինձ հաճախ են հարցնում` ինչու եմ մենակ մեկնում։ Պատճառն այն է, որ որոշեցի լրիվ հանգստանալ։ Առաջին անգամ չէ, երբ մենակ եմ մեկնում հանգստի։ Չեմ ձանձրանում մենակությունից։ Ուզում եմ պասիվ հանգիստ, քանի որ ամառվա երկրորդ կեսին ընկերախմբով ենք գնալու հանգստի։ Ակտիվ հանգստի ժամանակ ես չեմ հանգստանում»,– ասաց Ալեքսանդրան ու հավելեց, որ, հնարավոր է, ընկերական հանգստի ժամանակ էլ սիրելին կողքին չլինի։ Ամեն բան կախված է նրա զբաղվածությունից։
Ինչ վերաբերում է նոր նախագծերում նկարահանվելուն` Ալեքսանդրան ասաց, որ առայժմ հստակ որևէ բան չկա։ Երբ հանգստից վերադառնա, գուցե, ինչ–որ բան հստականա։
Նյութի աղբյուրը` Tert.am