Երեւանի բարձրահարկ շենքերում գործող 4531 վերելակերից, որոնց 90 տոկոսից ավելին տեղադրվել է դեռ խորհրդային տարիներին, միայն 37-ն են հիմնովին փոխարինված, իսկ մնացածի շահագործման ժամկետը (25 տարի) վաղուց անցած է: Դա է, թերեւս, պատճառը, որ ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինելու վերելակների շահագործման հետ կապված վթարների, որոնք երբեմն ողբերգական ավարտ են ունենում:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ այսօր իրենց կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է Երեւանի բազմաբնակարանային շենքերում տեղադրված թվով 4702 վերելակ, որից շահագործվում է 4531-ը, իսկ նրանց տեխնիկական անձնագրերում նշվում է, որ շահագործման ժամկետը 25 տարի է: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից էլ տեղեկացրին, որ Երեւան քաղաքի բարձրահարկ շենքերում վերջին տարիների ընթացքում նորով փոխարինվել է ընդամենը 37 վերելակ:
NEWS.am-ի դիտարկմանը, որ ստացվում է, որ այսօր Երեւանի շենքերում շահագործվում են վերելակներ, որոնց պիտանելիության ժամկետն անցած է, ԱԻՆ-ից պատասխանեցին, որ իսկապես, վերելակների մեծ մասի դեպքում՝ շահագործման 25 տարին լրացել է, սակայն 25 տարի ասելով պետք է հասկանալ ոչ թե այն, որ դրանից հետո վերելակն այլեւս պիտանի չէ շահագործման, այլ այն, որ հիմնական անվտանգության հանգույցներն արտադրող գործարանի կողմից ստուգվել են, եւ դրանց շահագործման նորմատիվ ժամկետ է սահմանվել 25 տարին։
ԱԻՆ-ում չկարողացան պատասխանել հարցին, թե շահագործվող վերելակներից քանիսն են 25-ից ավելի տարիքի: ԱԻՆ-ում կարծում են, որ վերելակների շահագործման համար ժամկետային սահմանումը չի տրվում վերելակների արտադրական տարիքից, քանի որ 1990-ականների համատարած հոսանքազրկումներով պայմանավորված շատ վերելակներ երկար տարիներ չեն աշխատել. «Նշված 25-30 տարին վերելակի անընդհատ շահագործման համար է հաշվարկված։ Քանի որ հիմա ռեալ չենք կարող ասել, թե որոնք են տոտալ աշխատել 90 ականներին, որոնք են 7-15 տարով կանգնել, որպեսզի չլինի խառնաշփոթ, մենք չենք ելնում վերելակի արտադրման տարիքից։ Մենք ելնում ենք դրանց վիճակից, թե էս պահին ինչ վիճակում է ու դրանով է եզրակացությունը կայացվում»։
Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Երեւանում բազմաբնակարան շենքերի մեծ մասը կառուցվել է 1970-1980-ականներին, հետեւաբար անգամ, եթե 1990-ականներին վերելակները չեն շահագործվել միեւնույնն է՝ այսօր, դրանց շահագործման ժամկետը գործնականում անցած է։
NEWS.am-ի թղթակիցն այցելեց նաեւ Երեւանի տասնյակից ավելի բազմաբնակարան շենքեր, որտեղ կան վերելակներ: Պարզվեց, որ դրանցից ոչ մեկը ԽՍՀՄ փլուզումից հետո չի փոխվել: Բնակիչների խոսքով վերելակները երբեք չեն փոխարինվել նորերով, միայն երբեմն-երբեմն կոսմետիկ վերանորոգումներ են կատարվել կամ շարքից դուրս եկած տեխնիկական մի մասը փոխարինվել է նորով՝ ինչը, սակայն ոչ միշտ է արդյունավետ եղել։ «Մեր շենքը 1970-ականների կառույց է։ Մեկ-երկու անգամ մանր-մունր բաներ են փոխել, բայց ընդհանուր առմամբ հիմնական ոչինչ չի արվել։ Մեկ տեսնում ես հանգիստ աշխատում է, մեկ էլ էնպիսի ձայներ է հանում, որ մարդ վախենում է»- գանգատվեց բնակիչներից մեկը։
Երեւանի վերելակային տնտեսության շահագործման մասով, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ին հայտնեց, որ Երեւանում բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսությունը, որպես բաժնային սեփականություն, համատիրությունների տիրույթում է գտնվում, սակայն քաղաքապետարանը պարբերաբար իր աջակցությունն է ցուցաբերում. «Երեւանի քաղաքապետարանի կողմից յուրաքանչյուր տարի, որպես բարի կամքի դրսեւորում, հատկացվում են համայնքային բյուջեից միջոցներ, դրանց պահպանման ծախսերը հոգալու հետ կապված», ասաց Գեւորգյանը։