Վերջին շրջանում տնտեսական իրավիճակի բարելավման փնտրտուքի համատեքստում Հայաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝ հայ հանրահայտ գիտնականներից մեկը շատ լուրջ փաստեր է ներկայացրել, որ Հայաստանում կա նավթի պաշար:
Նրա փաստարկները նախնական փուլում լուրջ չեն ընդունվել, սակայն գիտնականին հաջողվել է ռազմական էլիտայի թոշակի անցած կարկառուն ներկայացուցիչներից մեկի միջնորդությամբ կապ հաստատել Սերժ Սարգսյանի հետ: Նախագահը համաձայնվել է ընթացք տալ նավթ գտնելու գործին, և այդ նպատակով ուսումնասիրությունները ֆինանսավորելու առաջարկություն է արել հայտնի գործարար, <<Տաշիր>> ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին:
Վերջինս, մեր տեղեկություններով, ի սկզբանե համաձայնվել է ներդրումներ կատարել և ֆինանսավորել նավթ գտնելու գիտական ուսումնասիրությունը: 2016 թվականի վերջին այս նպատակով գործնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն անհասկանալի պատճառներով նավթի հանքերի ուսումնասիրության նախագիծը սառեցվել է:
Հավանական է համարվում, որ նախագիծը տնտեսական արդյունավետության տեսանկյունից ռիսկային է, կամ էլ մտադրությունը դաբրո չի ստացել Կրեմլում: Չի բացառվում նաև, որ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել մասնաբաժինները կիսելու հարցում:
Նշենք, որ հայական մամուլում նախկինում ևս եղել են հրապարակումներ՝ Հայաստանում նավթի պաշարների առկայության մասին: Հայաստանում ամերիկյան ընկերության ներգրավմամբ՝ տարիներ առաջ նավթ և գազ էին որոնում: Եվ քանի որ դրանց արդյունաբերական պաշարները չհայտնաբերվեցին, և որոշ պատճառներով աշխատանքները դադարեցվեցին, կարծիք ստեղծվեց, թե մեր երկրի ընդերքում այդ հարստությունները չկան:
Ոմանք այս խոսակցություններն ի սկզբանե փուչիկ համարեցին, ոմանք էլ, առանց որեւէ գիտական հիմքի, ենթադրեցին, թե Հայաստանի ընդերքում նավթի հսկայական ծավալներ կան, սակայն, քանի որ Հայաստանը բարձրլեռնային երկիր է, «սև ոսկին» շատ խորն է, հանելն անհնար է կամ ձեռնտու չէ: Կա նաև տեսակետ, որ Ադրբեջանի նավթը Հայաստանի տակով է անցնում:
1994թ. հուլիսից մինչև 95թ. հուլիսը մեծ բրիտանական «Սայմոն պեթրոլիում տեքնոլոջի» և պորտուգալական «Պարտեքս» ընկերությունների ստեղծած կոնսորցիումի միջոցով, հայ մասնագետների ակտիվ մասնակցությամբ հետազոտություններ են կատարվել, որոնք ամփոփվել և 4 հատորով, անգլերենով, ժամանակակից գրաֆիկայով ու համապատասխան մեկնաբանություններով հրատարակվել են:
Միջազգային անկախ փորձագետները կարծիք են տվել, որ Հայաստանում գոյություն ունեն ածխաջրածինների արդյունաբերական պաշարների հայտնաբերման հիմնավորված նախադրյալներ, հետևաբար մեր երկրի ընդերքում կարող է լինել նավթ ու գազ:
Նյութի աղբյուրը՝ Hayeli.am