«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կողմից Ազգային Ժողովի քնարկմանն է ուղարկվել «Հողային օրենսգրքում» եւ կից փաթեթով օրենսդրական փոփոխություների մի նախագիծ, որն ընդունվել է կառավարության մայիսի 18-ի նիստում: Հիմնական փոփոխությունը նախատեսված է Հողային օրենսգրքում:
Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից: Կառավարությունում գտել են, որ «երբ սեփականատերը սահմանված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի եւ նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով եւ ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը»:
Պարզ ասած, եթե ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը չի վաճառում իր գյուղատնտեսական նշանակության հողամասը, ապա այն հարկադիր վաճառքի է հանվում: Օրինակ, գյուղապետարանը դիմում է դատարան ու հարկադիր վաճառքի է հանում, ստացած գումարը փոխանցում է արդեն նախկին սեփականատիրոջը:
Քանի որ ԱԺ-ում Հանրապետականը մեծամասնություն ունի, այս օրենսդրական փաթեթն անխոչընդոտ կընդունի եւ ըստ էության 2017 թվականի վերջին կառավարությունն արդեն կունեն գյուղատնտեսական չօգտագործվող հողերի ողջ բազան, որին կհաջորդի հարկադիր վաճառքի գործընթացը:
Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն այսօր լավագույնս մշակում են Հայաստանի օլիգարխները: Նախկին վարչապետ, դոլարային միլիոնատեր Հովիկ Աբրահամյանն, օրինակ, պոմիդոր աճեցնելով է հարստացել, երբ գյուղացիները վարկերի պատճառով զրկվում էին իրենց տներից եւ այլ ունեցվածքից: Նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանի անվան հետ է կապվում Հայաստանի ջերմոցային տնտեսություններից մեկը: Վերահսկիչ Պալատի նախկին նախագահ, այժմ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը նույնպես այգեգործության ոլորտում հաջողությունների է հասել եւ ասպես շարունակ:
Ենթադրենք, 2018 թվականին համատարած վաճառքի հանվեցին քաղաքացիությունը կորցրած գյուղացիների հողերը, ովքե՞ր պետք է դրանք գնեն, եթե ոչ օլիգարխները, եթե ոչ արտոնություններից օգտվողները: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը կանաչ լույս է վառում օլիգարխների համար՝ տնտեսությունն ակտիվացնելու «ազնիվ նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում