Զորակոչի ժամանակ որևէ մեկի՝ պաշտոնյայի զավակ լինելու հանգամանքը հաշվի չի առնվում, այսօր լրագրողներին ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ շատ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց երեխաներ այսօր ծառայում են բանակում: Լրագրողները հորդորեցին անուններ տալ:
«Չէ, չեմ տալու»,- արձագանքեց Վիգեն Սարգսյանը:
Հարցին, թե առաջնագծո՞ւմ էլ կան պաշտոնյաների երեխաներ, պատասխանեց. «Նաև առաջնագծում: Լսեք մի րոպե, ես ձեզ բան եմ ասում էլի: Նրանցից առնվազն երկուսն ունեն զորացրման պարտադիր ցուցում, առողջական: Բայց նրանց զորացրումը մենք չենք իրականացնում մի պարզ պատճառով՝ որովհետև հենց զորացրումն իրականացնենք, դառնալու է, որ նա պաշտոնյայի զավակ է, դրա համար է զորացրվելու: Դուք պատկերացրեք էդ ընտանիքի վիճակը, որը չի միջամտել զորակոչի ժամանակ, մի տարի անցել է էդ զորակոչից, երեխան ծառայում է, ունի առողջական լուրջ խնդիր, պիտի զորացրվի, և հայրն ինձ ասում է՝ կարա՞նք չզորացրենք: Ես հասկանում եմ, որ դա իմ կողմից սխալ է, բայց նաև հասկանում եմ ծնողի համապատասխան միջնորդությունը»:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ նաև հենց այսօր կա դեպք, երբ շատ հայտնի պաշտոնյայի որդի դիմել է սպայական պատրաստման ծրագրին, որոշել է որպես սպա ծառայել: “Ու իրեն հարթաթաթության համար չէին ներգրավում ծրագրի մեջ, որովհետև երրորդ կարգի հարթաթություն ուներ: Ես չարաշահել եմ իմ պաշտոնը, ասել եմ, որ երրորդ կարգի հարթաթաթությունը սպային պետք է չխանգարի առանձնապես, եթե ինքը այդքան վճռական որոշել է ծառայել”, ասաց նախարարը:
Նյութի աղբյուրը՝ lragir.am