Հայկական ժողովրդական և դասական երաժշտությական ստեղծագործությունները հայ երիտասարդ երգչի կատարմամբ տարածվում են համացանցում: Կրակովի Հովհաննես Պողոս II պապական համալսարանի 25-ամյա ուսանողը Խորեն Սիմոնյանն է: Քչերը գիտեն հայկական մանկատներից մեկի սանի կյանքի իրական պատմությունը, գրում է rusarminfo.ru-ն:
Ծնողները Խորեն Սիմոնյանին Գյումրիի մանկատուն են հանձնել 1992 թ. փետրվարին՝ որպես պատճառ նշելով նրան պահելու միջոցներ չունենալը:
14 տարի մանկատանն ապրելուց հետո Խորենը 2006 թ. տեղափոխվել է Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան №2 տուն-ինտերնատ: Այդ ընթացքում Խորենի սիրելի զբաղմունքը երգն է եղել. ինքնուրույն և մանկավարժների օգնությամբ երիտասարդը հայկական մի քանի տասնյակ հայտնի երաժշտական ստեղծագործություն է սովորել, որոնք կատարել է հանդեսների ժամանակ և ինտերնատ այցելած հյուրերի առաջ: Հարազատ քաղաքում նա ավարտել է Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջը: Շուտով նրան սկսեցին փառատոնների հրավիրել: Իր տաղանդի շնորհիվ՝ Խորենն արդեն հասցրել է լինել Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Լեհաստանում:
2016 թ. 25-ամյա Խորենն ընդունվել է լեհական Կրակովի Հովհաննես Պողոս II պապական համալսարանը, որտեղ լրագրություն է սովորում: Բայց նրա իրական երազանքը աշխարհին հայտնի երգիչ դառնալն է: Ազատ ժամանակ Խորենը երգեր է ձայնագրում և դրանք հրապարակում է իր ֆեյսբուքյան էջում: Իր առաջին մենահամերգի հոնորարը Խորենը մտադիր է ամբողջովին բարեգործության ուղղել: