BlogNews.am-ն արդեն պատմել է Հայկոյի նոր տեսահոլովակի շնորհանդեսի մասին։ Ինչպես Անահիտն է կատակով նշում, ամուսնուն նա է ոգեշնչել նոր երգ ստեղծելու, իսկ եթե լուրջ. «Առաջին պահից, երբ նա գրեց երաժշտությունն, ասաց՝ սա պետք է լինի երգ՝ նվիրված Երևանին: Խոսքերը գրեց տաղանդավոր Ավետ Բարսեղյանը, ով մեր ընտանիքի լավ ընկերն է: Տեսահոլովակը շատ հետաքրքիր է ստացվել. Երևանը կտեսնեք շատ ավելի ուրիշ աչքով»:
Երգչուհին նաև խոստովանեց, որ ստեղծագործական առումով ամուսնուց հետ չի մնա և շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի. «Այս պահին ունեմ արդեն երեք երգ, որոնք պատրաստ են: Շուտով դրանցից մեկը կներկայացնեմ իմ հանդիսատեսին: Այո՛, մեղավոր եմ, որ այսքան երկար տևեց երաժշտական դադարս: Խոստանում եմ՝ հետաքրքիր կլինի վերադարձս»:
Իսկ այն հարցին՝ գուցե իր երգացանկում էլ Երևանին նվիրված երգ լինի, Անահիտը կատակով պատասխանեց. «Տանից մեկը պետք է Երևանի մասին երգի։ Իհարկե, դա Հայկոն է: Հայկոյի առաջիկա մենահամերգին էլ ելույթ չեմ ունենա, փոխարենը ուզում եմ նստել հանդիսատեսի շարքում և վայելել մենահամերգը»:
Երգչուհու համար ամառային շրջանն աշխատանքային է լինելու։ Ինչպես խոստովանեց, հուլիսի 16-ին մեկնում է Փարիզ՝ Marangoni ինստիտուտ՝ վերապատրաստման, և սովորելու է իմիջի և ոճաբանություն բաժնում. «Ուսմանս ընթացքում դժվար կարողանամ հանգստանալ, քանի որ դասերս շատ ավելի կարևոր են և հետաքրքիր: Այս դասընթացները դիզայներական աշխատանքումս շատ կարևոր են, այդ պատճառով այս տարի ամառային հանգիստ չենք ունենա: Այնպես որ, կարող եք հետևել իմ story-ներին Փարիզից :) »,- եզրափակեց երգչուհին:
Նյութի աղբյուրը` BlogNews.am