Դերասանուհի Միլա Վարդանյանին հեռուստադիտողը շուտով կտեսնի նոր ֆիլմում, որտեղ նա հանդես կգա բոլորովին նոր եւ տարբերվող դերով. այս մասին Միլենան հայտնեց NEWS.am STYLE-ին՝ ներկայացնելով նաեւ նոր նախագծի մասին որոշ մանրամասներ.
«Այստեղի իմ կերպարը տարբերվելու է մինչ օրս խաղացած դերերից։ Առաջին անգամ եմ հանդես գալու կատակերգական ժանրում։ Խաղալու եմ հրաշալի դերասանների հետ, ինչն ինձ համար շատ կարեւոր է՝ որպես դերասանուհի ավելի շատ զարգանալու եւ կատարելագործվելու համար։ Դեռ շատ բան չեմ կարող պատմել նոր նախագծի մասին, բայց կարող եմ ասել, որ այն հեռարձակվելու է «Շանթ» հեռուստաընկերությամբ, իսկ ժանրը կատակերգություն է»,-նշեց դերասանուհին, որը «Թաքնված սեր» հեռուստասերիալից հետո տեւական ժամանակ ընդմիջում էր վերցրել, սակայն իր իսկ խոսքով՝ այդ ընթացքում էլ նախագծերում նկարահանվելու տարբեր առաջարկներ է ստացել։
Միլենայի հետ զրուցեցինք նաեւ ամառային հանգստի թեմայով.
«Օգոստոսին մի քանի օրով մտադիր էի մեկնել Իտալիա՝ իմ սիրելի քաղաք Միլան, բայց քանի որ սկսվեցին նոր նախագծի աշխատանքները, դեռ չեմ կարող ասել՝ որքանով են այդ ծրագրերն իրական»,-հավելեց դերասանուհին։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE