Մայիսի 30-ին Լուիզիանայի նահանգի (ԱՄՆ) սենատը ընդունել է բանաձև ի սատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ և անկախ պետություն կառուցելու ջանքերի: Ստորև ներկայացվում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը . 

ԲԱՆԱՁԵՎ Ի սատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որպես ազատ և անկախ պետություն զարգանալու ջանքերի ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, պատմականորեն հանդիսացել է հայկական տարածք՝ ճնշող մեծամասնությամբ բնակեցված հայերով, որը 1921 թ. անջատվել է Հայաստանից Խորհրդային Միության կողմից և բռնակցվել  նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանին, ինչպես նաև ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1988 թ. փետրվարի 20-ին սկիզբ է դրվել Լեռնային Ղարաբաղում ազգային ազատագրական շարժմանը, որը ոգեշնչել է Խորհրդային Միության մարդկանց՝ ընդդիմանալու բռնապետությանը և տեր կանգնելու սեփական իրավունքներին ու ազատություններին՝ նպաստելու ժողովրդավարության տարածմանը միլիոնավոր մարդկանց համար ու խաղաղության հաստատմանը ողջ աշխարհում, ինչպես նաև ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Միացյալ Նահանգների Սենատը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության օրինական ձգտումներին, ինչպես նաև ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ համաձայն գործող օրենսդրության, ինչպես նաև ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ  1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը քվեարկեց հօգուտ անկախության, և 1992 թ. հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարեց անկախության մասին, ինչպես նաև ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ անկախության հռչակումից ի վեր ԼՂՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության կառուցման գործում, ինչը լավագույնս դրսևորվեց 2012 թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք միջազգային դիտորդները գնահատեցին որպես ազատ և թափանցիկ: ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ Լուիզիանա նահանգի օրենսդիր մարմնի Սենատը սույնով հավանություն է տալիս և սատարում է ԼՂՀ շարունակական ջանքերը զարգանալու որպես ազատ և անկախ պետություն՝ երաշխավորելու իր քաղաքացիներին այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը:

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵՑԻՆՔ կոչ անել ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և միջազգային հանրության ջանքերին՝ նրա կառուցողական ներգրավմանը ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը: ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇԵՑԻՆՔ, որ սույն Բանաձևի պատճենը կփոխանցվի Միացյալ Նահանգների նախագահին, Միացյալ Նահանգների Սենատի քարտուղարին, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի գրագրին և Միացյալ Նահանգների Կոնգրեսում Լուիզիանա նահանգի պատվիրակության յուրաքանչյուր անդամի։