Համացանցում նախօրեին տարածվել էր մի տեսանյութ, որտեղ Ստրասբուրգում, Եվրախորհրդարանի շենքի առջև, մի խումբ քաղաքացիներ գետնին են գցում Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, «Սասնա ծռեր» խմբի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանի, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց լուսանկարները, ոտնակոխ անում, թքում այդ լուսանկարների վրա, այնուհետև վառում դրանք։ Ակցիայի կազմակերպիչը «Հայկական վերածնունդ» համագաղութային շարժման Ֆրանսիայի և Բելգիայի մասնաճյուղի անդամներն էին, ինչպես նաև Հայաստանի քաղբանտարկյալների զորակցության փարիզյան կոմիտեն։
Թե ինչ նպատակով էր իրականացվել նմանօրինակ ակցիան, պարզեցինք «Հայկական վերածնունդ» համագաղութային շարժման՝ Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանից։
«Հայաստանի գլխավոր դատախազը «Հաց բերողի» ուղղակի մարդասպանն է՝ Սերժիկ Սարգսյանի հետ միասին, որովհետև նա էր այդ հրամանը տվել, մյուսներն էլ հոգով-սրտով ծախված մարդիկ են, դրանք ձեր Նարիմանովին (նկատի ունի Սերժ Սարգսյանին․-խմբ․) ծախված մարդիկ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Շանթ Ոսկերչյանը։
Վերջինիս տեղեկացմամբ՝ այդ ակցիայից հետո իրենք գնացել են Եվրախորհրդարան՝ հանդիպելու գլխավոր քարտուղարի հետ, սակայն նրա արձակուրդի մեջ լինելու պատճառով հանդիպում են ունեցել Եվրախորհրդարանի ներկայացուցիչներից մեկի հետ և նրան փոխանցել իրենց դիմում-պահանջագիրը, որը նա խոստացել է փոխանցել Եվրախորհրդարանի գլխավոր քարտուղարին։
«Մենք Եվրախորհրդարանի անդամներին առաջարկեցինք, որպեսզի նրանք այլևս գումարներ չտրամադրեն Հայաստանին։ Ես գիտեմ, որ նրանք միլիոնավոր դոլարներ են տալիս Հայաստանին՝ հատկապես ոստիկանական համակարգը բարելավելու համար, բայց տեսնում ենք, որ հայաստանյան ոստիկաններն իրենց ժողովրդին են ջարդում-փշրում։ Էս ռեժիմին ոչ մի կոպեկ պետք չի տալ, մանավանդ՝ ոստիկանությանը, որովհետև նրանց բարելավումը սուտ բան է, նրանք ոչ միայն չեն բարեփոխվում, այլև այդ գումարներն օգտագործում են իրենց համար ժամանակակից զենքեր գնելու համար, որը հետո ուղղում են սեփական ժողովրդի դեմ։ Երբ որ անցյալ տարի տղաները մտան ՊՊԾ գունդ, տեսանք, որ այնտեղ շատ ավելի զորավոր զենք կար, քան սահմանին կանգնած մեր զինվորների մոտ։ Ձեր Նարիմանովն ասում է (նկատի ունի Սերժ Սարգսյանին), որ մեր բանակը կռվում է 80-ական թվականների զենքով, մինչդեռ ոստիկանությունն ունի արդիական զենքեր։
Մենք նաև պահանջեցինք, որպեսզի Եվրախորհրդարանի ներկայացուցիչները խստորեն դատապարտեն ոստիկաններին «Սասնա ծռերի» անդամներին դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ»,- նշեց Շանթ Ոսկերչյանն ու միևնույն ժամանակ հավելեց․
«Ձեռքերը շղթայված տղաներին են անամոթաբար ծեծում, ինչպե՞ս կարելի է այդպիսի վարմունք թույլ տալ։ Անթույլատրելի է, որ Եվրոպայում Հայաստանը ներկայանա իբրև թե իրավական կամ ժողովրդավարական պետություն, բայց երկրի ներսում նույնիսկ փաստաբաններին թույլ չտա պաշտպանել իրենց վստահորդների շահերը կամ նրանց խուզարկել դեռևս դատարանի դահլիճ չմտած։ Այդ ուր եք ապրում, այդ ինչ երկիր է, անգամ ամենահետամնաց երկրներում այդպիսի բան չեն անում։
Մեր այդ ակցիայով մենք ցույց տվեցինք Հայաստանում տիրող այդ անօրինությունները։ Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում դա անել, որովհետև մարդկանց կբանտարկեն, բայց մենք այստեղ ապրում ենք իրավական և ազատ երկրում։ Ձեր չընտրված ղեկավարների վարած ավազակային քաղաքականության պատճառով՝ այսօր Սփյուռքում գտնվող հայերը, որոնք ատում են այդ բոլոր «մարդկանց», ում նկարները որ այրեցին, եթե նրանք առիթն ունենան, ապա այդ ավազակներին իսկապես կայրեն։ Հայաստանի ժողովուրդն էլ է դրանց ատում, բայց ապրելով բռնապետության մեջ, չի կարողանում նրանցից ազատվել։ Մենք այս քայլով մեր ոխը հայտնեցինք հայաստանյան իշխանություններին»։
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի պատասխանատուները, ըստ Շանթ Ոսկերչյանի՝ Հայաստանի երեք նախագահներն են, որոնք նրա համոզմամբ՝ ժողովրդի կողմից չեն ընտրվել, այլ ԿԸՀ-ն նրանց օգտին ձայներ է նկարել։
Մեր զրուցակցի հավաստմամբ՝ նման ակցիաներ առաջիկայում իրենց կազմակերպությունը պարբերաբար նախաձեռնելու է, ավելին՝ մտադիր են անգամ դիմել ՄԻԵԴ «Սասնա ծռեր» խմբի անդամների իրավունքները վերականգնելու համար։ Այս համատեքստում Ոսկերչյանը նշեց․
«Նրանց ոչ միայն ծեծում են կամ ջանում են կոտրել, այլև թույլ չեն տալիս անգամ իրենց հարազատների, ընտանիքի անդամների հետ տեսակցել, բացի այդ նշեցի նաև, որ նրանց փաստաբանների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքն էլ է մեզ համար անընդունելի, ի՞նչ է նշանակում մասնագիտական պարտականությունները կատարելու համար փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառել։ Այսինքն՝ փաստացի ստացվում է, որ «Սասնա ծռերի» նվազագույն իրավունքներն անգամ ոտնահարվում են, դրա համար էլ մենք դիմելու ենք ՄԻԵԴ և ջանալու ենք դասական Սփյուռքից հնարավորինս շատ մարդկանց ներգրավել այդ գործընթացի մեջ, քանի որ այսօր, ցավոք սրտի, դասական Սփյուռքը խուլ ու համրի դերի մեջ է և ձեր Սերժիկի է հետ է գործարքի մեջ մտել՝ սկսած նախ և առաջ Դաշնակցությունից, որը դավաճանել է իր իսկ սկզբունքները՝ գործակցելով Հայաստանի չընտրված իշխանությունների հետ»։
Անդրադառնալով նաև նախորդ տարվա հուլիսյան իրադարձությունների տարելիցի լրանալուն, և այժմ «Սասնա ծռերի» գործով ընթացող դատավարություններին, Շանթ Ոսկերչյանը ընդգծեց, որ դրանք չեն կարող դատական նիստեր համարվել և առհասարակ, Հայաստանում արդարադատության համակարգի, նրա իսկ բառերով ասած, չկայացած ու շինծու լինելը, այսօր Սփյուռքում ապրող որևէ հայի համար էլ գաղտնիք չէ։
«Ես այն ժամանակ, երբ որ Հայաստան էի գնում-գալիս, այդ ժամանակ ներկա եմ գտնվել մի շարք դատավարությունների՝ Վարդան Պետրոսյանի գործով, Վոլոդյա Ավետիսյանի գործով, Կարո Եղնուկյանի դատերից մեկին եմ ներկա եղել և տեսնում էի, որ դա լրիվ խայտառակություն է՝ մարդկանց վրա են ծիծաղում, դրանք ոչ թե դատարաններ են, այլ թատրոն։ Եվրոպայում նման բան դուք չեք տեսնի։
Հայաստանում և Սփյուռքում «Սասնա ծռերը» ցնցեցին և փոխեցին մարդկանց գաղափարները, Հայաստանի պես բռնապետական երկրի մեջ ցույց տվեցին, որ կարելի է գրավել ՊՊԾ գունդը, և դրա համար մենք իրենց երախտապարտ ենք։ Այո, ճիշտ է, նրանք հետո չկարողացան մինչև վերջ հաղթանակի հասնել, բայց կարծում եմ, որ դրա պատճառն այն էր, որ Վիտալի Բալասանյան կոչվող արարածը խաբեց նրանց, խաբեց խոստումներ տալով ու հետո իր խոսքից հետ կանգնելով։ Մենք ուրախ ենք, որ «Սասնա ծռերը» եղել են, և եթե այդ ոճով իշխանությունները շարունակեն տիրել Հայաստանում, ապա չգիտեմ, թե դա ինչի կարող է հանգեցնել»,- եզրափակեց նա։