ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդում Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ -հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությանը առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել են վերջինիս կինը եւ որդին:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից եւ այլեւս չի վերադարձել: Կինը հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում եւ այլեւս չի վերադարձել:
2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված եւ կապկպված:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Նախնական քննությամբ՝ տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ եւ ամուսնու միջեւ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո ամուսինը քնել է, եւ կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած վնասվածքներից մահացել է: Այնուհետեւ կինը զանգահարել է որդուն եւ տուն կանչել, ապա ՝ ամուսնու դիակը տեղափոխել եւ թաքցրել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղին մոտակա ձորերում:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մանուկ Սիմոնյանի կինը եւ որդին ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: