«Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե մրցույթի անցկացումը վտանգի տակ է:

Բանն այն է, որ, ըստ շրջանառվող լուրերի, «Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ն դատի է տվել Գոհար Հարությունյանին՝ իրեն պատկանող՝ «Միսս Հայաստան» ապրանքային նշանը ապօրինի կերպով օգտագործելու համար: ՀԿ ղեկավարը Կարեն Արիստակեսյանն է, եւ Գոհար Հարությունյանի խոսքով, նա ամեն կերպ փորձում է խոչընդոտել մրցույթի կազմակերպմանը.

 

«Բոլորն են տեղյակ, թե նա ինչպես ապականեց «Միսս Հայաստան» մրցույթն այս 16 տարիների ընթացքում, բոլորը գիտեն, թե ինչ նվաստացուցիչ պայմաններում են եղել աղջիկները, թե ինչպես ոչ պատշաճ ձեւով, Աստված գիտե, թե ինչ աղջիկներ, աշխարհով մեկ ներկայացրել են Հայաստանը: Կարեն Արիստակեսյանը Արա Երնջակյանից խլեց մրցույթը՝ նրան պատվազուրկ անելով: Ես անձամբ խոսել եմ Արա Երնջակյանի հետ, եւ նա ինձ ասել է, թե Արիստակեսյանն ինչպես է մամուլի միջոցով իրեն խայտառակ արել: Սա նրա գործելաոճն է»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ Կարեն Արիստակեսյանն անընդհատ փորձել է խոչընդոտել իրենց, սպառնացել է, թե դատի է տալու.

«Այնքան լուրջ էր խնդիրը, որ մենք մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների, տուրիզմի գործակալության հետ համատեղ ջանքերով պետռեգիստրում գրանցեցինք «Միսս Հայաստան» հիմնադրամը, բայց այդքանից հետո նա շարունակում է զանգահարել նախարարություններ, հայտարարում է, որ դատի կտա բոլորին»,- ասաց «Միսս Հայաստան 2017»-ի կազմակերպիչը՝ նշելով, որ մրցույթը միանգամայն օրինական են անցկացնում:

 

Ի դեպ, «Միսս Հայաստան 2017»-ի անցկացման օրը փոխվել է: Նախապես հայտարարված սեպտեմբերի 15-ի փոխարեն այն տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, բայց սա պայմանավորված է զուտ տեխնիկական խնդիրներով:

Նյութի աղբյուրը` NEWS.am