Ավստրալիայում շաբաթ օրը կանխված ահաբեկչության թիրախը հավանաբար եղել է Etihad Airways ավիաընկերության Սիդնեյ - Աբու Դաբի չվերթի ինքնաթիռը, որում պետք է գտնվեր 500 մարդ, հայտնում է Yahoo7 News-ը:
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նոր Զելանդիայի և Կանադայի հետախուզական ծառայություններն օգնել են ավստրալական իշխանություններին բացահայտել ահաբեկչական խմբին: Գործողության ընթացքում ձերբակալված չորս տղամարդիկ հավանաբար կապված են եղել Սիրիայում և Իրաքում գրոհայինների հետ: Այժմ նրանք կալանքի տակ են, նրանց դեմ մեղադրանքներ դեռ չեն առաջադրվել:
Իր հերթին, Sydney Morning Herald-ը գրել է, որ չվերթը, որի ժամանակ ահաբեկիչները պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել, ուղևորվում էր Դուբայ:
Etihad Airways-ը հայտարարել է, որ այդ գործի առնչությամբ համագործակցում է ոստիկանության հետ:
«Etihad Airways-ում ավիացիոն անվտանգության համար պատասխանատուներն օգնում են Ավստրալիայի դաշնային ոստիկանությանը հետաքննության հարցում»,- ասված է ընկերության հայտարարությունում: