ԱՄՆ-ն ժամանակավորապես Կորեայի Հանրապետությունում տեղակայելու է 12 հատ F-16 կործանիչ՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից իրականացված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման: Այդ մասին հայտնել է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, հայտնում է ТАСС-ը:
Ինքնաթիռները և մոտ 200 զինծառայողներ տեղակայվելու են Սեուլից 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կունսան ավիաբազայում, օգոստոսից սկսած՝ չորս ամիս ժամկետով:
«Այդ քայլը ցուցադրում է ԱՄՆ-ի հանձնառությունը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման ուղղությամբ իր պարտավորություններին»,- նշվում է հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը նոր բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովում Հոկայդո կղզու ուղղությամբ։ Նշվում է, որ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի գիշերային փորձարկում առաջին անգամ է իրականացվել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումներն «ԱՄՆ-ին ուղղված խիստ նախազգուշացում» են և ևս մեկ անգամ ապացուցում են երկրի կարողությունը՝ հրթիռային արձակումներ իրականացնել ցանկացած կետից՝ ցանկացած պահի։
Հուլիսի սկզբին Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել էր «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին: Հրթիռն անցել էր հետագծով, որը փորձագետների կարծիքով՝ կարող է թույլ տալ հարվածել ԱՄՆ Ալյասկա նահանգին:
Նշենք, որ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան ակտիվորեն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արևմուտքի զայրույթը:
Պաշտոնական Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն: