Դերասան–ամուսիններ Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը նկարահանվում են «Դեպի երազանք» նոր նախագծում, որը հեռարձակվում է Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում։ Նարեկն ու Ծովինարը հեռուստանովելում էլ են մարմնավորում ամուսինների, սակայն անհաշտ։ Ծովինարը դավաճանված կին է, որը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել ամուսնուց։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին խոսել է կերպարի, իրական կյանքում իր և Նարեկի փոխհարաբերությունների, ընտանիքի և երեխաների մասին։

–Ծովինար, «Դեպի երազանքում» մարմնավորում եք ընտանեկան խնդիրներ ունեցող կնոջ, որը փոքր–ինչ նյարդային է, անընդհատ վիճում է, սակայն լուծում չի փնտրում։ Որքանո՞վ կերպարն ու իր էմոցիոնալ բնույթը մոտ Ձեզ։

–Շատ ընտանիքներում տիրող անհավասարություն կա. տղամարդիկ ճնշում են կանանց, վերջիններս էլ ապրում են` մոռանալով իրենց ես–ի և նախասիրությունների մասին։ Շատ ուրախ եմ, որ այս թեման բարձրաձայնում ենք եթերով և ցույց տալիս, թե ինչպես են ապրում կանայք այնպիսի տղամարդկանց հետ, որոնք դժբախտություն են բերում ընտանիք։ Սա ինձ համար շատ կարևոր թեմա է և ուրախ եմ, որ այս դերն ինձ տրվեց։ Դրա համար շատ շնորհակալ եմ նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանին` Մենչին։

Ես և իմ կերպարը շատ տարբեր ենք։ Ես շատ համբերատար և զուսպ եմ։ Ինձ համար չկան «չեմ կարող», «չի ստացվի» հասկացություններ։ Ես ամբողջ կյանքում ելքեր եմ փնտրել։ Կերպարս ամուսնուն սպառնում է ինքնասպան լինել, եթե նա հեռանա։ Ինձ համար դա ինքնավստահություն չունեցող, չկայացած կնոջ կերպար է։ Ես վստահ եմ իմ բոլոր քայլերում և փորձում եմ խելացի, ինչու ոչ, նաև` զգույշ ապրել իմ կյանքը, քանի որ ամեն փոքր փորձությունը քեզ սպառնալիքի առաջ է կանգնեցնում։ Ես իմ երիտասարդ տարիքում տեսել եմ շատ դժվարություններ, բայց միշտ փորձել եմ խաղաղ ելքեր փնտրել։ Ես արագ որոշում կայացնող մարդ չեմ, իսկ կերպարս այդպիսին չէ։


–Ձեր կերպարը` Անուշը, հոգեբանորեն կախվածություն ունի ամուսնուց։ Որքանո՞վ է առողջ ամուսնուց այսչափ կախվածության մեջ լինելը։

– Հերոսուհիս ապրում է միայն իր ամուսնու համար։ Իրականում վատ չէ, երբ ամուսինները սիրում են իրար, սակայն երբ դա դառնում է ստորացուցիչ, կինը պետք է իր մեջ ուժ գտնի և հրաժարվի այդպիսի կյանքից։ Կինը պետք է կայացած լինի։ Կախվածությունը կնոջից է գալիս։ Եթե կինն ունի ձեռք ու ոտք, կրթություն, ինչու պետք է դառնա ամուսնու գերին, չաշխատի։

–Դուք նշեցիք, որ շատ տարբեր եք Ձեր կերպարից, իսկ Նարե՞կը։

–Իմ բախտը բերել է, Նարեկն ինձ համար անդավաճան ամուսին է։ Նա շատ նվիրված մեր ընտանիքին։ Իր և կերպարի միջև ահռելի տարբերություն կա։ Գուցե կեղծ հնչի, բայց մենք իրականում շատ համերաշխ ենք։ Այս դերը խաղալուց հետո հասկացա, թե որքան շնորհակալ եմ Նարեկին անդավաճան լինելու համար, որքան առավելություններ ունի նա։

–Դավաճանված լինել–չլինելը միայն ամուսնո՞ւ մեղքն է, թե դա նաև կնոջից է կախված։
–Կարծում եմ` սա երկուստեք խնդիր է։ Կինն էլ պետք է այնպես անի, որ ամուսնու համար հաճելի լինի տանը մնալը, անընդհատ նույն կնոջը տեսնելը, նրա կողքին արթնանալը։ Դերասանները շատ էմոցիոնալ են և սիրում են հետաքրքրություններ։ Այդ առումով մեզ համար ավելի բարդ է, բայց ես որոշել եմ առանց որևէ խորամանկությունների ուղղակի սիրել իմ ամուսնուն։ Դա, երևի, Նարեկից էլ է գալիս. նա ինձ շատ է սիրում։ Ես դա զգում եմ, ես դա գիտեմ։ Մենք 15 տարի է` ճանաչում ենք իրար, 11 տարի է` միասին ենք։ Դա խոսում է մեծ սիրո և հարգանքի մասին։
–Ամեն դեպքում վեճերը նորմալ երևույթ են յուրաքանչյուր ընտանիքում։ Ինչի՞ շուրջ կարող եք վիճել և որքան են տևում վևում վեճերը։
–Եթե գիտենք, որ մի բան մյուսիս դուր չի գա, չենք անում։ Իհարկե, լինում են նաև փոքրիկ վեճեր, բայց եթե կինը լեզուն կարճ է պահում, ամուսնուն համբերությունից չի հանում, ամեն բան հարթվում է։ Մեր վեճերը հիմնականում կենցաղային ինչ–որ թեմայի շուրջ են լինում, սակայն երկար էլ չեն տևում։ Մենք ժամանակ էլ չունենք հասկանալու` ով և երբ կանի առաջին քայլը։ Վիճեցինք, անցավ, գնաց, վերջ։ Չեմ էլ հիշում վերջին անգամ երբ և ինչու ենք վիճել։

–Ո՞րն է ամուր հարաբերություների գաղտնիքը։
–Տղամարդիկ փոքրիկ երեխաների նման են։ Նրանց պետք է սիրել, գուրգուրել և հոգատար լինել։ Չեմ կարծում, որ դա կտանի դավաճանության։ Կնոջ համբերությունն ու հոգատարությունը կարող է տղամարդուն պահել իր կողքին։ Իմ կյանքի նշանաբանը սիրելն է։
–Դուք միշտ աշխատանքի մեջ եք։ Ամուր հարաբերություններ ունենալու համար որքանո՞վ եք կարևորում կնոջ զբաղվածությունը։
– Դա շատ կարևոր բան է։ Կնոջ զբաղվածությունը շատ դրական է ազդում հարաբերությունների վրա, որովհետև հորինելու ժամանակ չի մնում։ Եթե կնոջ միտքը պարապ մնաց, թողեք ու փախեք։ Երբ զբաղված ես, ավելորդ վեճերի վրա անիմաստ ժամանակ չես վատնում։ Բացի այդ, զբաղված կինն ավելի շատ բան է հասցնում անել։ Ես հղիության վերջին երկու ամսում տանը մնացի, երեխայի ծնվելուց մի քանի օր անց անցա աշխատանքի, բայց տանը մնալուս ընթացքում այդքան գործ չէի հասցնում անել, որքան աշխատելուս զուգահեռ էի անում։

–2 որդի ունեք` 10–ամյա Անրին և 3–ամյա Արշակը։ Զբաղվածության մեջ հասցնո՞ւմ եք բավականաչափ ժամանակ տրամադրել երեխաներին։

–Եթե ես տանն եմ, ես երեխաների հետ եմ, ուղղակի հաճախ հոգնած եմ վերադառնում տուն։ Ինձ փրկում է ընկերուհիս, որին վստահում եմ երեխաներիս։ Երեկոյան Նարեկն ավելի շատ ժամանակ է տրամադրում երեխաներին, քան ես, որովհետև երկուսն էլ տղա են, ֆուտբոլ ու մեքենաներ են սիրում, հայրիկի հետ ընդհանուրն հետաքրքրություններ ունեն։ Ես ավելի հաճախ խոհանոցում եմ լինում, իրենց սիրելի ուտեստներն եմ պատրաստում։ Պարբերաբար փորձում եմ մանկական ժամանցի կենտրոն տանել երեխաներին, որտեղ ամեն մեկն իր տարիքին համապատասխան հետաքրքրություն կգտնի։

–Տղաներն ո՞ւմ հետ են ավելի կապված և ո՞ւմ են ավելի նման։
–Անրին Նարեկին է շատ նման, Արշակը` ինձ, բայց երկուսն էլ շատ կապված են Նարեկի հետ։
–Չե՞ք խանդում։
Չէ, բացարձակ։ Ես այդպիսին չեմ։)