«Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով»… Մարկովի այս հայտնի խոսքերով, թերևս, պետք է առաջնորդվել յուրաքանչյուր ոք: 1995թ. Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակեց գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր, որի նպատակներից մեկը հասարակության լայն շերտերի, հատկապես երիտասարդության շրջանում լուսավորչության, մշակութային ավանդույթների գիտակցման բարձրացմանը նպաստելն էր:
Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ` իր նախընտրած գրքերի, սիրելի հերոսների մասին, ինչպես նաև փորձել է պարզել այն ստեղծագործողներին, ովքեր որոշիչ դեր են ունեցել դերասանուհու աշխարհայացքի ձևավորման գործում:
«Առաջին գիրքը, որը դեռ մանուկ հասակում տպավորել է ինձ, դա Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» պիեսն էր, որն ինձ համար արտահայտչամիջոց է գաղտնի մնալու, բայց միևնույն ժամանակ սիրելու, ինչպես նաև այն սովորեցնում է մարդուն իր ներսում չարություն չունենալ, այլ դրա փոխարեն` օգնել ուրիշին սիրելիի հետ միասին լինելու համար»,- նշեց դերասանուհին:
Դերասանուհու խոսքով՝ իր աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր ազդեցություն է թողել Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» ստեղծագործությունը:
«Առհասարակ, ցանկացած գիրք կարդալուց հետո մարդու ներաշխարհում մի բան փոխվում է. երբեմն նոր արժեքներ ես ձեռք բերում, իսկ երբեմն էլ` հիասթափություն: Իմ աշխարհայացքը որոշ առումով փոփոխած գրքերից կառանձնացնեմ «Դեկամերոն»-ը, որի ընթերցանության ժամանակ ես հասկացա, որ պետք է ընթերցեմ Աստվածաշունչը: Գուցե դրա պատճառը տվյալ ստեղծագործությունում ընդգրկված 10 պատմություններն էին, որոնցից մեկը վերաբերվում էր քահանային, ով աղջիկների հետ որոշակի հարաբերությունների մեջ էր» ,- պատմեց Նաիրա Մովսիսյանը:
Հարցին` կա արդյո՞ք նախընտրելի հերոս, ում կցանկանար նմանվել, դերասանուհին պատասխանեց.
«Գիտեք, ցանկացած գիրք կարդալիս, ցանկացել եմ նմանվել դրա հերոսուհուն: Շրջան կար, երբ մեծ ցանկություն ունեի նմանվելու Ժաննա դԱարկին, երբ ընթերցում էի «Կամելիազարդ Տիկինը» վեպը, ուզում էի Մարգարիտի տեղում լինել, իսկ երբ ընթերցում էի Մեդեա աստվածուհու մասին, ցանկանում էի նրան նմանվել և այլն: Այսինքն` ամեն տարիքում ինքս ինձ համար գտել եմ ինձ հոգեհարազատ հերոսուհու, ում, ինչու չէ, նաև ցանկացել եմ նմանվել»,- ասաց Նաիրան` ավելացնելով, որ այս պահին, սակայն, չկա որևէ հերոսուհի, ում տեղում կցանկանար ինքը լիներ.
«Ստացվել է այնպես, որ վերջին ժամանակահատվածում ավելի շատ նախընտրություն եմ տալիս արկածային գրականությանը, իսկ երբ չեմ հասցնում ընթերցել, սկսում եմ աուդիոգիրք լսել, ինչը, ի դեպ, ինձ համար սխալ է, քանի որ գիրքը, ինչպես ընդունված է ասել, պետք է զգալ և տեսնել»,- շեշտեց դերասանուհին:
Վերջինիս խոսքով`ցանկացած գիրք ինքը գերադասում է կարդալ ընդամենը մեկ անգամ` փորձելով իր մեջ պահել այն բոլոր տպավորությունները, որոնք որ ստանում է ընթերցանության ժամանակ: Բացառություններ, սակայն, ինչպես նշեց Նաիրան, այս հարցում ևս լինում են.
«Հիմնականում վերընթերցում եմ այն գրքերը, որոնք գուցե կարդացել եմ ոչ ճիշտ տարիքում, ինչից ելնելով` ճիշտ չեմ ընկալել դրանց բովանդակությունը: Սա հիմնականում եղել է ռուսական գրականություն ընթերցելու ժամանակ, օրինակ, երբ առաջին անգամ կարդացի Անտոն Չեխով, ընկալումը, ինչպես որ հարկն է, չեղավ. այդ ժամանակ 16 տարեկան էի: Նշեմ նաև, որ եղել են այնպիսի գրքեր, որոնք ոչ թե մեկ, այլ երկու, երեք անգամ եմ ընթերցել: Դրանք են Ֆեոդոր Դոստոևսկու գրեթե բոլոր ստեղծագործությունները, որոնք ինձ համար փիլիսոփայությունից վեր ինչ-որ բան են: Դոստոևսկին ինձ համար պարզապես հանճար է»,- նկատեց Նաիրա Մովսիսյանը:
Անդրադառնալով ժամանակակից գրողներին և նրանց ստեղծագործություններին` դերասանուհին մեջբերեց բանաստեղծ Արա Ալոյանին, ում ձեռագիրն ըստ Նաիրայի` իրեն շատ հետաքրքիր է:
Իսկ ինչ վերաբերվում է իր դստերը և այն գրքին, որը որպես մայր` խորհուրդ կտա առաջինը կարդալ նրան, դերասանուհին նշեց. «Առաջինը, որը իմ ցանկությամբ և խորհրդով կընթերցի դուստրս, դա կլինի մանուկների Աստվածաշունչը, իսկ հետո արդեն անցում կկատարենք Հովհաննես Թումանյանի հեքիաթներին, որից հետո, բնականաբար, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը վեպին, առանց որի պարզապես հնարավոր չէ»:
Իսկ թե այս պահին դերասանուհին ո՞ր ստեղծագործությանն է իր նախընտրությունը տվել, Նաիրա Մովսիսյանը պատմեց. «Այս պահին կարդում եմ Ալբեր Քամյուի «Օտարը», ինչպես նաև պատրաստվում եմ ընթերցել Ջոջո Մոյեսի «Одна в Париже» գիրքը»,- ասաց Նաիրա Մովսիսյանը` ավելացնելով. «Առհասարակ, բոլոր այն գրքերը, որոնք ես ընթերցել եմ տարիների ընթացքում, ձևավորել են իմ մարդ տեսակը, սովորեցրել են տարբեր հարցերին մոտենալ այլ կերպ, այլ տեսանկյունից, մեծ համբերությամբ: Բայց պետք է նշեմ նաև, որ, ցավոք, այսօր, որքան էլ երիտասարդությունը ցանկություն ունի գրքեր կարդալու և դրանց շնորհիվ զարգանալու, միևնույնն է, տարիներ առաջվա շունչը չկա այդ ամենի մեջ: Այսօր շատերը գերադասում են գիրք կարդալու փոխարեն պարզապես բամբասել, ինչը չկար նախկինում,- Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:
Նյութի աղբյուրը` Life.panorama.am