Բժշկական գիտությունների դոկտոր, բարձրագույն դասակարգման բժիշկ, հանրահայտ «Կրեմլյովկայի» նախկին գլխավոր բժիշկ, քաղաքային կլինիկական թիվ 71 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալ. Մյասնիկովը մի գիրք հրատարակեց, որը պայթող ռումբի ազդեցություն ունեցավ և շոկի ենթարկեց հասարակությանը: «Ինչպես ապրել 50-ից հետո» վերնագրված այդ գրքում բժիշկն ազատորեն ու քաջաբար խոսում է այն մասին, որ հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով գովազդվող դեղամիջոցներն օգտակար չեն, իսկ երբեմն էլ վնասակար են մարդկանց համար: Նրա կարծիքով՝ դա ոչ այլ ինչ է, քան մարդկային թուլությունների և առանց ջանքերի երկար և առողջ ապրելու ցանկության վրա իրականացվող բիզնես և իրավիճակի շահագործում: Մյասնիկովը հերքում է բժշկության մեջ դարերով արմատացած շատ տեսակետներ ու կարծիքներ:
Ստորև ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը:
– Ալեքսանդր Լեոնիդովիչ, Դուք հայտարարում եք, որ գովազդվող դեղորայքն անպետք է: Դուք հասկանո՞ւմ եք, որ, փաստորեն, առանց վախենալու՝ ձեռնոց եք նետել դեղագործական մաֆիային, որը բժիշկների հետ համաձայնությամբ ցույց է տալիս, թե ամեն ինչ նորմալ է, և հենց այդպես էլ պետք է լինի:
– Դե, իհարկե: Նման մի բան: Ես գիտեմ, պնդում եմ և այդ մասին նաև իմ գրքում եմ գրել, որ, ասենք, ստամոքսի ֆլորան լավացնող կամ լյարդը պաշտպանող (հեպատոպրոտեկտորները) գովազդվող պրեպարատները, հակավիրուսային դեղամիջոցները, իմունոմոդուլյատորներն այն դեղամիջոցներն են, որոնք աշխարհի ոչ մի երկրում, բացի հետխորհրդային տարածքից, չեն օգտագործվում այն պարզ պատճառով, որ դրանց արդյունավետությունն ապացուցված չէ: Իսկ ինչո՞ւ ընդունել դեղամիջոցներ, որոնք արդյունավետ չեն, եթե անգամ վնասակար էլ չեն: Օրինակ, մենք շատ ենք հեռուստատեսությամբ լսում. «Պաշտպանեք Ձեր լյարդը. տոներ, ծանր սնունդ, օգնեք Ձեր լյարդին: Ցիռոզը դատավճիռ չէ… Եկեք մաքրենք լյարդը»: Եվ առաջարկվում են զանազան դեղեր. այդ ամենը խաբեություն է: Եթե մենք խոսում ենք լյարդը մաքրող դեղամիջոցներից, որոնք շուկայում 175 տեսակից ավելի են, ընդամենը 3-4-ը կարելի է օգտագործել, այն էլ՝ մեծ վերապահումով: Մնացածը բացարձակ անօգուտ են:
– Այդ դեպքում ինչո՞ւ են դրանք արտադրվում և վաճառվում:
– Հեպատոպրոտեկտորները համացանցում անվանում են «աշխարհի թիվ 1 դեղամիջոց», բայց ամբողջ խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում չկա հեպատոպրոտեկտորներ հասկացություն: Եվ ինչ էլ որ Դուք կարդաք համացանցում, միևնույն է, դրանք ոչ միայն չեն պաշտպանում լյարդը, այլև կարող են վնասել այն: Լյարդը բարդ օրգան է: Գոյություն ունեն «արհեստական սիրտ», «երիկամ», «թոքեր», բայց չկա «արհեստական լյարդ»: Չկա, որովհետև մենք դեռ մինչև վերջ չենք հասկանում նրա աշխատանքի մեխանիզմը, և ուրեմն ի՞նչ մաքրող պրեպարատների մասին է խոսքը, այն էլ՝ բուսական ծագման:
– Այդ դեպքում ինչպե՞ս պաշտպանել լյարդը:
– Ալկոհոլ չօգտագործել, հետևել սննդակարգին, շատ մեծ զգուշությամբ դեղորայք ընդունել, քանզի դրանցից շատերը կարող են վնասել լյարդը, այդ թվում՝ շատերի կողմից սիրված պարացետամոլն ու պանադոլը: Պետք է կանխարգելել լյարդի հիվանդությունները, և այն պարբերաբար կնորացվի: Այդ օրգանը բարձր կենսունակություն ունի: Եթե կտրես, հեռացնես նրա կեսը, նրա ֆունկցիան կարող է վերականգնվել, սակայն լյարդի հիվանդությունների դեպքում պետք է շատ զգույշ լինել: Դեղերի մնացորդները դուրս են բերվում լյարդի միջոցով, որտեղ էլ նրանք վնասազերծվում են:
Այդ պատճառով էլ, եթե լյարդն արդեն հիվանդ է, ապա դրանք կարող են անդառնալի վնաս հասցնել նրան: Համընդհանուր և պարտադիր մեկ նկատառում. եթե ցավում է լյարդը, և մարդուն ինչ-որ դեղորայք է նշանակվում, անպայման բժշկից պետք է իմանալ, կարելի՞ է այն ընդունել հենց տվյալ մարդուն: Չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: Այդ պարագայում Դուք գումար եք ծախսում ինքներդ Ձեզ կործանելու համար: Պետք չէ տեսնել հակադեպրեսանտի գովազդը ու վազել այն գնելու:
Դրանք այնպիսի պրեպարատներ են, որոնք միայն բժիշկը կարող է նշանակել: Ասենք, մարդու մոտ ընկճախտ է սկսվել. տրամադրություն չունի, երբեմն անգամ ապրել չի ուզում, ամեն ինչ ձեռքից ընկնում է, ոչինչ չի կարողանում անել, նպատակ չունի, վատ է ինքնազգացողությունը, ընկել է աշխատունակությունը… Վերջ: Շատերը կարող են մտածել, որ պետք է խմել հակադեպրեսանտներ, բայց իրականությունն այն է, որ դեպրեսիան կենսաբևեռ խանգարման մի մասն է, երբ ճնշված դրությունը կարող է հանկարծ փոխվել, ու մարդը դառնում է դյուրագրգիռ, երբ քիչ ես քնում, ձեռքերի ափերի մեջ այրոցի զգացողություն կա, աչքերդ փայլում են:
Ու սա պարբերաբար կրկնվում է: Տրամադրության անկումներ են: Շատերի մոտ է այսպես, և, եթե նրանց հակադեպրեսանտ տաս, նրանց վիճակը կվատանա: Դրա համար նրանցով մասնագետը պիտի զբաղվի: Անգամ դեպրեսիայի փաստը հակադեպրեսանտ նշանակելու առիթ չպիտի լինի զուտ բժշկական տեսանկյունից: Իսկ երբ աջ ու ձախ գովազդվում է ամեն ինչ, մարդը կարող է չդիմանալ թվացյալ հեշտ եղանակով բուժվելու գայթակղությանը ու չդիմել բժշկի, այլ գնել գովազդվող դեղը ու վնասել իրեն:
Ի դեպ, հոդերը իբր բուժող դեղերի պարագայում լրիվ խայտառակ վիճակ է: Չկան հոդացավի կամ անգինայի դեմ օգտակար դեղամիջոցներ:
-Դուք Ձեր գրքում գրում եք, որ ոչ միայն գովազդվող պրեպարատները, այլև կեֆիրը չեն վերականգնում ստամոքսի միկրոֆլորան, բայց չէ՞ որ ամբողջ կյանքում մենք կեֆիրը հենց այդ նպատակով էլ խմում ենք:
– Եկեք հասկանանք, թե ես ինչ նկատի ունեմ: Ես դեմ չեմ պրոբիոտիկներին՝ որպես այդպիսին: Եթե Ձեզ դուր է գալիս կեֆիրը, խմեք այն: Հաստատ չեք վատանա: Բայց չէ՞որ մենք հորինել ենք դիսբակտերիոզ անվանումով հիվանդությունը: Այն կարող է ի հայտ գալ հակաբիոտիկների ընդունումից հետո կամ տարատեսակ կանգային վիճակների արդյունքում: Ես դեմ եմ նրան, որ դիսբակտերիոզը հիվանդություն համարեն և ասեն, որ այն պարտադիր պետք է բուժել պրոբիոտիկներով: Մարդկանց խաբում են`դիսբակտերիոզը հիվանդություն համարելով, և խաբեությամբ պարտադրում են պրոբիոտիկներ խմել: Շեշտում եմ, ես դեմ չեմ պրոբիոտիկներին, ես դեմ եմ դրանց սուտ ու անիմաստ պրոպագանդային՝ որպես դիսբակտերիոզը բուժող պարտադիր դեղամիջոցների: Եթե Դուք ինձ ասեք, որ ստամոքսի խանգարում ունեք, բայց հակաբիոտիկ եք ընդունել, կարո՞ղ եք պրոբիոտիկ խմել, ես կասեմ՝ կարող եք. այն չի օգնի, բայց կարող է թեթևացնել Ձեր վիճակը, դա մի բան է, բայց եթե ասեմ, որ Ձեր վիճակում ՊԱՐՏԱԴԻՐ կեֆիր պիտի խմեք կամ այսինչ դեղն ու բակտերիաները, դա արդեն խաբեություն է:
– Իսկ ի՞նչ կասեք նիհարելու համար նախատեսված մոդայիկ պրեպարատների մասին:
– Եթե մարդն իրեն տանջում է տարատեսակ դիետաներով, ավելորդ քաշի նվազեցման համար իբր նախատեսված հաբերով կամ կենսաբանական հավելումներով, ապա դրանով խաթարում է ողջ էնդոկրին համակարգի աշխատանքը: Այդ բոլորը գրգռող ներգործություն ունեն նյարդային համակարգի վրա: Հենց դրա արդյունքում է արագանում նյութափոխանակությունը, բայց այս դեպքում վնասներն էլ են շատ: Մեծանում է սրտի ծանրաբեռնվածությունը, բարձրանում է արյան զարկերակային ճնշումը, ի հայտ է գալիս հաճախախփություն, առիթմիա և շատ այլ բաներ: Եվ հետո այդ հաբերը կարճաժամկետ էֆեկտ ունեն: Բացի դրանից, ապացուցված է, որ այդ հաբերն օգտագործողների շրջանում մեծ է սրտամկանի ինֆարկտով հիվանդների թիվը:
Իսկ նյութափոխանակությունն արագացնելը մեր ձեռքերում է: Ի՞նչ պետք է անել: Նախ՝ հարկավոր է հաճախակի ուտել: Օգտագործված սննդարար նյութերի յուրացման համար ծախսվում է մեր այրած կալորիաների 10%-ը: Բժիշկների կարծիքով՝ սննդարար նյութերը յուրացվում են օրվա տարբեր ժամերի ընթացքում:
Առավոտվա ժամը 6։00-9։00-ն ընկած ժամանակահատվածում օրգանիզմ ընկած ճարպերը, օրինակ, յուրացվում են ամբողջովին, առանց մնացորդի, իսկ ահա երեկոյան դրանց մի մասը հայտնվում է ենթամաշկային բջջանյութի մեջ: Այդ պատճառով էլ առավոտյան նախաճաշին ճիշտ է ուտել պանիր, կարագ, կաթնաշոռ: Օրվա կեսին օրգանիզմը լավ է յուրացնում սպիտակուցները` միսն ու ձուկը: Ժամը 16։00-ից արյան մեջ ինսուլինի հորմոնի բարձրակետն է, որը նվազեցնում է շաքարի մակարդակը: Այդ ժամին կարելի է քաղցրեղեն ուտել: Ընթրիքին կարելի է սպիտակ միս ուտել` ձուկ, հավ կամ հնդկահավ: Եվ հիշեք, որ վնասակար է ցանկացած երշիկ, առանց բացառության: Դա, ինչպես և կարմիր միսը, կոնցերոգեն է: Վերոնշյալ սննդակարգն ազատում է քաղցի զգացումից, թույլ է տալիս վերահսկել ախորժակը և ավելորդ կիլոգրամներ չհավաքել:
Պետք է նաև պարբերաբար սպորտով զբաղվել և շատ ջուր խմել: Ջուրը մարդու օրգանիզմում կյանքի և նյութափոխանակության հիմքն է:
– Շատ են գովազդվում նաև արյան զարկերակային բարձր կամ ցածր ճնշման դեղերը:
– Նույն պատմությունն է: Արյան ճնշումն իջեցնել օգնում են միզամուղները: Այսպիսի մի պատմություն պատմեմ: Շատ վաղուց ես, դեռևս երիտասարդ օրդինատոր, աշխատում էի պապիս կողմից հիմնադրված Մյասնիկովի անվան սրտաբանության ինստիտուտում: Մենք զբաղվում էինք հիպերտոնիկ հիվանդություն ունեցողներով: Ընդունում էինք ծանր հիվանդներ, որոնց պետք է տայինք դեղամիջոցների կոմպլեքս: Մեր խնդիրն էր՝ բուժումը սկսել 0-ից, դադարել հիվանդին ավելորդ դեղեր տալ և ճիշտ ընտրել անհրաժեշտ բուժումը: Բայց քանի որ մարդը չպետք է իմանար, որ որոշ ժամանակ մնալու է առանց դեղերի, ահա թե ինչ էինք անում: Յուրաքանչյուր մի քանի ժամը մեկ չափում էինք ճնշումը, ապա տալիս էինք սովորական կավիճ, որն անվանել էինք «Антиспазмин»:
Նույն բանը տալիս էինք ստենոկարդիայով տառապողներին: 3-4 օր հետևում էինք, թե առանց բուժում ստանալու օրվա մեջ քանի անգամ էր ունենում ստենոկարդիայի նոպա, քանի անգամ էր բարձրանում արյան ճնշումը, և արդեն ելնելով դրանից` նշանակում բուժումը: Եվ շատ հաճախ այդ 3-4 օրվանից հետո, չստանալով ոչ մի դեղ, հիվանդներն ասում էին, որ բավականին լավ են զգում իրենց արդեն` անգամ չկասկածելով, որ այդ օրերին կուլ են տվել անիմաստ, բայց անվտանգ բան: Ահա թե որքան մեծ է ինքնաներշնչման ուժը: Ափսոս, որ ոմանք այս փաստի հաշվին հսկայական գումարներ են աշխատում: Իսկ ընդհանրապես, պետք է որոշվի և կիրառվի պարտադիր չափորոշիչ, որն ավելի էֆեկտիվ կդարձնի բուժումը: Պետք է, որ բոլորն իմանան` բորբոքումների դեմ լավագույն դեղը սովորական տետրացիկլինից ստացվող դեղն է, այլ ոչ թե գերթանկարժեք ինչ-որ դեղամիջոց, ճնշման դեմ ամենաօգտակար միջոցն էժանագին միզամուղն է, իսկ ստենոկարդիայի դեմ կարելի է պայքարել սովորական ասպիրինով: Ըստ էության, գովազդվող դեղերի 80%-ը դեղ չէ:
ԶԼՄ-ներով դեղամիջոցների գովազդումը խայտառակություն է այն երկրի համար, որը դա թույլ է տալիս: Մենք արգելում ենք ալկոհոլի և ծխախոտի գովազդը, սակայն գովազդում ենք դեղերը, ինչն անհամեմատ ավելի վտանգավոր է, իսկ Պետդուման անընդհատ օրակարգից հանում է դեղերի գովազդն արգելող օրենքի նախագիծը: Ինքներդ գլխի ընկեք, թե ինչո՞ւ…
– Հասկանալի է, որ պետք չէ դեղախեղդ լինել, բայց մյուս կողմից՝ դժվար է պատկերացնել կյանքն ընդհանրապես առանց դեղերի:
– Ծայրահեղությունների մեջ մի ընկեք: Ես չեմ խոսում առանց դեղերի կյանքի մասին: Ի վերջո, պրեվենտիվ բժշկության մասին գիտություն կա: Ուղղակի պետք է հասկանալ, թե որքան, ինչ չափաբաժիններով և երբ պետք է դեղ ընդունել: Դա որոշելը բժշկի պարտականությունն է: Գնա և խորհրդակցիր բժշկի հետ: Ինչո՞ւ գնել և խմել այն, ինչ գովազդվում է: Ես սրա դեմ եմ պայքարում:
– Մենք մտածում ենք, որ բոլոր հիվանդություններն իմունիտետի ընկնելուց ու նյարդային վիճակից է, իսկ Ձեր գրքում դա կասկածի տակ է առնված:
– Իհարկե, հեշտ է ասել, որ բոլոր հիվանդությունները Ձեր նշած պատճառներով են ի հայտ գալիս: Իմունիտետն իսկապես կարող է ընկնել քրոնիկ հիվանդությունների առկայությամբ: Շաքարախտ, երիկամային հիվանդություն, երիկամային կամ սրտային անբավարարություն, հղիություն, ծերություն, ալկոհոլիզմ. այս դեպքերում իսկապես կարող է իմունիտետն ընկնել: Պատահում է, որ գործ ենք ունենում իմունիտետի ֆունկցիոնալ վիճակի ժամանակավոր խանգարման հետ, ինչը սարսափելի չէ: Այսօր մի քիչ թույլ ես, վաղն արդեն լավ կլինես: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Արևմուտքում ոչ մի իմունախթանիչ չես գտնի, իսկ մեզ մոտ դրանք հարյուրներով են հաշվվում: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է:
Իմունիտետն ամրապնդելու լավագույն եղանակն առողջ ապրելակերպ վարելն է և քրոնիկ հիվանդությունների կանխարգելումը: Բայց սա երկար և ձանձրալի գործընթաց է, և շատերը գերադասում են հաբեր կուլ տալ: Մարդկանց կույր հավատը «կախարդական հաբերի» նկատմամբ ինձ պարզապես հունից հանում է: Եվ հետո պետք է կոտրել կարծրատիպային մտածողությունը, չասել, ասենք, թե՝ իմ պապիկը խմում և ծխում էր և ապրեց 90 տարի: Հարգելիս, քո պապիկը կարող էր որոշակի գենետիկ պաշտպանություն ունենալ, իսկ դու` ոչ: Լավ կլինի, իհարկե, որ դա փոխանցվի սերնդեսերունդ, սակայն միշտ չէ, որ այդպես է լինում:
– Ստացվում է, որ նյարդերն է՞լ կապ չունեն հիվանդությունների հետ:
– Ոչ, իհարկե, սթրեսները լավ էլ կապ ունեն: Սակայն յուրաքանչյուր դեպք պետք է առանձին դիտարկել: Դա պետք է բժիշկն անի: Ամեն ինչ այդքան էլ պարզունակ չէ:
– Ձեր գրքում գրել եք նաև, որ, այսպես կոչված, «խոզի» և «թռչնի» գրիպները ֆիկցիա են, հորինվածք:
– Ես հասկանում եմ, որ իմ հայտարարություններով սասանում եմ մարդկանց հավատը բժշկության հանդեպ, սակայն պետք է կարողանալ նայել ճշմարտության երեսին: Այդ առաջ էր, որ մենք ուղղակի գրիպ ունեինք: Ներկայումս գիտությունն առաջ է գնացել, ի հայտ են եկել վարակաբաններ, որոնք էլ հենց դասական գրիպի մուտացիայի յուրաքանչյուր տեսակի տալիս են առանձին անուն: Ու դրանցից յուրաքանչյուրն ունի իր վակցինան, որոնք երբեմն մեծ գումարների աղբյուր են:
– Ի վերջո, ո՞րն է գոյատևելու և երկարակեցության Ձեր բանաձևը:
– Այն շատ պարզունակ է և իրենից ներկայացնում է առողջ ապրելակերպի բազային խորհուրդներ: Առողջ, ռացիոնալ սնունդ, կենդանական ճարպերի սահմանափակում, շատ ձկնեղեն, բանջարեղեն, մրգեր, կյանք՝ առանց ծխախոտի, ու օրական առնվազն 40 րոպե ֆիզիկական ակտիվություն. ահա իմ ցանկը: Չպետք է մոռանալ նաև վերահսկել արյան մեջ շաքարի և խոլեստերինի պարունակությունը և արյան զարկերակային ճնշումը: Իսկ եթե արդեն հիվանդացել եք, պարբերաբար հաճախեք բժշկի և ընդունեք նշանակումները:
Նյութի աղբյուրը` 168.am