Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Եվրոպայի Սուպերգավաթի խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ հաղթանակը 2:1 հաշվով:
«Մենք ունենք մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստներ եւ լավ աշխատանքի դեպքում կարող ենք հասնել մեծ բարձունքների: Սա հաղթանակների ծարավ թիմ է: Այսօրվա խաղն անցկացրինք գրեթե իդեալական, հատկապես՝ առաջին խաղակեսը, որը ստացվեց դասագրքային:
Ընդմիջումից հետո ավելի բարդ էր, բայց եկեք չմոռանանք, որ սա եզրափակիչ էր: Նման բաներ երբեմն լինում են: Եթե Գարեթ Բեյլը խփեր երրորդ գոլը, ամեն բան ավելի հեշտ կլիներ: Մենք ունենք բնավորություն եւ նախկինի պես երազում ենք մեծ հաղթանակների մասին: Մեր հաջողության գաղտնիքը մեզ հետ աշխատող մարդկանց մեջ է:
Երբեք չենք հոգնում հաղթելուց: Այսօր իմ տղաները ցուցադրեցին հրաշալի պրեսինգ՝ թույլ չտալով մրցակցին խաղալ: Երբ գնդակը մեզ մոտ էր, մենք հանգիստ անցկացնում էինք կոմբինացիաներ եւ հասանք նրան, ինչ ցանկանում էինք: Այս տարի բարդ է լինելու: Առջեւում բարդ հանդիպումներ են, բայց մենք ցանկանում ենք շարունակել մեր հաղթական շարքը»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Ֆրանսիացի մասնագետն անդրադարձել է նաեւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած խաղում փոխարինման էր դուրս եկել 83-րդ րոպեին:
«Բարդ չէր Կրիշտիանուին թողնել փոխարինողների թվում: Դա նախապես ծրագրված էր, քանի որ նա ընդամենը 3 օր էր մարզվել մեզ հետ: Սակայն շատ կարեւոր էր, որ Ռոնալդուն միացել է մեզ: Նրա հետ ամեն բան կարգին է: Կրիշտիանուն արդեն մտածում է կիրակնօրյա խաղի մասին:
Ինչ վերաբերում է Իսկոյին, ապա նա արժանացել է նոր պայմանագրի: Նա գոլ խփեց եւ խաղաց այնպես, ինչպես կարողանում է միայն նա: Նա շարունակում է ավելացնել ու ավելացնել»,- ասել է Զիդանը:
Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորելուց հետո նվաճել է հնարավոր 8 տիտղոսներից 6-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր (2015/2016, 2016/2017), Իսպանիայի չեմպիոն (2016/2017), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2015/2016, 2016/2017) եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2016): Իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակիից հետո Զիդանը երկրորդ մարզիչն է, որը 2 անգամ անընդմեջ նվաճում է Եվրոպայի Սուպերգավաթը: Արիգո Սակին նման հաջողության հասել էր 1989 եւ 1990 թվականներին: