Ուսման Դեմբելեն առանց ինչ - որ պատճառի չի ներկայացել Դորտմունդի Բորուսիայի այսօրվա մարզմանը, ինչի հետևանքով գերմանական ակումբը պատժել է նրան:
Ինչպես հաղորդում է Sport - ը, Դեմբելեն չի ներկայացել մարզմանը: Դա հաստատել է նաև Բորուսիայի գլխավոր մարզիչ Պետեր Բոշը: "Դեմբելեն չի ներկայացել այսօրվա մարզմանը: Մենք չգիտենք, թե որտեղ է նա: Փորձել ենք գտնել նրան, բայց չենք կարողացել", - հայտարարել է Բոշը:
Դեմբելեն գտնում է, որ Բորուսիան միտումնավոր ոչ ողջամիտ գումար է պահանջում կատալոնական ակումբից, որպեսզի խոչընդոտի տրանսֆերին, չնայած, որ ժամանակին գերմանական ակումբում խոստացել էին ֆրանսիացուն, որ բաց կթողնեն, եթե առաջարկ լինի գրանդ ակումբից՝ հատկապես Բարսելոնայից, որն Ուսմանի երազանքների ակումբն է:
Շատ լավ հասկանալով, թե ինչու է Դեմբելեն դիմել նման քայլի, Բորուսիան պաշտոնական կայքի միջոցով փոխանցել է ակումբի մարզական տնօրեն Միխաել Ցորկի խոսքերը. "Ուսման Դեմբելեն այսօր բաց է թողել Բորուսիայի մարզումն առանց հարգելի պատճառի և ակնհայտ է, որ նա այդ որոշումն ընդունել է գիտակցաբար: Իհարկե, մենք պատժելու ենք նրան նման վարքի համար.... Բացի այդ, մարզչի հետ այս հարցը քննարկելուց հետո մենք որոշել ենք հեռացնել նրան մարզումներից ու զրկել որևէ հանդիպման մասնակցելու հնարավորությունից, ներառյալ գավաթային հանդիպումը, որ կայանալու է առաջիկա հանգստյան օրերին: Այս պահին նա Դորտմունդում է, չնայած տարածված հակառակ տեղեկություններին":
Հիշեցնենք, որ Դորտմունդի Բորուսիան Բարսելոնայից պահանջել էր 150 մլն եվրո Դեմբելեի տրանսֆերի դիմաց: