Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 4-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական վթարի մեջ մեղադրվող Արթուր Միրզոյանին դատապարտեց 4,5 տարվա ազատազրկման:
Դատաքննությունն անցկացվեց արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը վճռեց Արթուր Միրզոյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով` զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 4-ին առավոտյան Քաջարանի բնակիչ Արթուր Միրզոյանը Որոտան գյուղից դեպի Գորիս գնալիս, դեռեւս չպարզված հանգամանքներում, մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ 40 մետր ընթանալով ճանապարհի ձախակողմյան կանաչապատ ձորակով՝ ընկել է Որոտան գետը, գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա: Վթարի հետեւանքով ուղեւորներ, քույր ու եղբայր Դավիթ ու Աստղիկ Մկրտչյանները տեղում մահացել են:
21-ամյա Դավիթ Մկրտչյանը վերջերս էր զորացրվել բանակից, քառօրյա պատերազմի մասնակից էր: Քույրը՝ Աստղիկ Մկրտչյանը, ամուսնացած էր, 1 տարեկան երեխա ուներ, սպասում էր երկրորդ բալիկին: Մայիսի 4-ին Աստղիկի ծննդյան օրն էր: Աստղիկը սովորում էր նաեւ Գորիսի պետական համալսարանում:
Նախաքննությամբ պարզվել է, որ մեքենան վթարի է ենթարկվել, քանի որ Միրզոյանը գործուղման թերթիկը հարմար տեղ դնելու նպատակով ուշադրությունը շեղել է երթևեկությունից, ինչի հետեւանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց, ճանապարհի ձախակողմյան ձորակով ընկել Որոտան գետն ու գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա: