Վաղը սեպտեմբերի 1-ն է. ոմանց համար այն կլինի պարզապես աշնան առաջին օրը, իսկ ոմանց համար՝ նոր ուսումնական տարվա սկիզբ: Վաղվան անհամբերությամբ են սպասում հատկապես առաջինդասարանցիները, որոնք կյանքում առաջին անգամ կհասկանան, թե ինչ է դպրոցը... Իսկ մենք՝ վաղուց ավարտածներս, որոշել ենք վերհիշել մեր մանկության ամենաքաղցր տարիները՝ իրականացնելով թեմատիկ ֆոտոշարք սերիալներից հայտնի դերասանուհի Անուշկա Մարգարյանի հետ: Նկարահանումներից հետո Անուշկայի հետ զրուցել ենք դպրոցական տարիների, սիրելի եւ ոչ այնքան սիրելի առարկաների մասին եւ ոչ միայն.
«Սովորել եմ Կապան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներս շատ բուռն են եղել :) Չարաճճի երեխա էի: Հիշում եմ իմ առաջին սեպտեմբերի 1-ը: Մայրս նոր սպիտակ զգեստ էր կարել ինձ համար, շատ գեղեցիկ էր, ու ես անչափ ոգեւորված էի: Տարօրինակ էր, բայց լավ գիտակցում էի, թե ուր եմ գնում եւ ինչի համար: Շատ փոփոխական էի: Լինում էր, որ մեծ սիրով էի հաճախում դպրոց, լինում էր՝ ոչ այնքան: Երբ ինչ-որ բան սովորական է դառնում, սկսում ես ձանձրանալ: Կարծում եմ՝ շատ բաներ կախված են ուսուցիչներից: Երբ դասաժամը հետաքրքիր է կազմակերպվում, անհամբեր սպասում ես հաջորդ դասին: Ստանդարտ վիճակներ չեմ սիրում»,-ասում է դերասանուհին՝ հավելելով, որ դպրոցում լավ է սովորել.
«Բայց մրցել չեմ սիրել: Կային գերազանցիկներ, որոնց մեջ միշտ մրցակցություն էր նկատվում, նույնիսկ նախանձ էր առաջանում դրա պատճառով: Չեմ սիրել դա: Լավ սովորել եմ այն առարկաները, որոնք ինձ հետաքրքիր էին. դրանք հումանիտար առարկաներն էին: Չեմ սիրել հանրահաշիվ եւ երկրաչափություն: Հիշում եմ՝ մի անգամ «Իրավունք» առարկայի ուսուցչուհին մտավ դասարան, հանրահաշվի դասաժամն էր, ու նա սկսեց ինձ գովել, ասել, որ ինձանից մյուսները պետք է օրինակ վերցնեն: Հանրահաշվի ուսուցչուհին ականջներին չէր հավատում :) Շատ զվարճալի էր»:
Ի տարբերություն շատերի՝ Անուշկան այնքան էլ չի կարոտում դպրոցն ու դպրոցական տարիները.
«Սուտ կլինի, եթե ասեմ՝ կարոտում եմ դպրոցը: Գուցե տարօրինակ հնչի, բայց երբեք կարոտ չեմ զգացել ու չեմ ցանկացել վերադառնալ: 10 տարին բավական էր, որ հագենամ :) Միակ վայրը, որը կարոտում եմ ու միշտ ցանկանում եմ վերադառնալ, նկարահանման հրապարակն է:) Վերջին անգամ դպրոց այցելել եմ ատեստատ ստանալիս»:
Իսկ վերջում դերասանուհին իր մաղթանքը հղեց բոլոր դպրոցականներին.
«Առաջին դասարանցիներին եւ, առհասարակ, բոլոր դպրոցականներին կմաղթեմ, որ զարգացնեն այն, ինչն իրենց մոտ ամենալավն է ստացվում, թույլ չտան, որ իրենց դարձնեն ստանդարտ մտածողության տեր: Իսկ ուսուցիչներին խորհուրդ կտամ յուրովի մոտեցում ցուցաբերեն յուրաքանչյուրին: Մաղթում եմ գեղեցիկ ուսումնական տարի՝ բոլոր իմաստներով գեղեցիկ»:
Նյութի աղբյութը` NEWS.am STYLE