Հայկական ժամանակը գրում է. ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ավտոմեքենաների ոլորտի խնդիրների վերաբերյալ աշխատանքային խումբ է ձեւավորել, որն ակտիվ աշխատում է օրենսդրական փաթեթ ներկայացնելու ուղղությամբ: Այդ ընթացքում էլ պատրաստվում է դիմել Ճանապարհային ոստիկանությանը, պետական եկամուտների կոմիտեին, ֆինանսների նախարարությանն ու այլ շահագրգիռ կողմերին աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների առնչությամբ ներկրողների ներկայացրած դժգոհությունը բավարարելու ուղղությամբ:
Armtimes.com-ը նախորդ շաբաթ գրել էր, որ Հայաստան ներկրվող աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործման համար արգելքներ են նախատեսվում: ՃՈ-ում քաղաքացիներից պահանջել էին, որպեսզի մեքենայի ղեկային համակարգը փոխեն, սակայն իրավական հիմնավորում չէին ներկայացրել: Ավելի վաղ էլ մեքենա ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարները կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին էին ներկայացրել մեքենաների ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաև աջակողմյան երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական զննության կարգին առնչվող մի շարք խնդիրներ:
ՀՀ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարության տրանսպորտի տեսչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանն armtimes.com-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ:
«Վերլուծական «Քեյ Փի Էմ Ջի» ընկերությունը բավականին աշխատանքներ է կատարել, շուկան ուսումնասիրվել է եւ այդ ուսումնասիրության արդյունքում ամենաառաջին առաջարկությունները եւ կարգավորումները, որոնք առաջարկել էին ավտոներկրող կազմակերպությունները, նախանշվում են: Մենք կառավարության միջոցով շրջանառել ենք, տարբեր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները ստացել ենք եւ դրանք ամփոփելով հանդերձ ներկայացրել ենք իրենց: Բոլոր գերատեսչությունների առաջարկները նորից այդ վերլուծական ընկերությունը կնայի եւ մի քիչ ավելի կոնկրետ առաջարկություններ կներկայացնի: Առաջարկությունները, որոնք իրենք ներկայացրել էին, դրանց սահմանները պետք է ավելի սեղմվեն, որովհետեւ բաներ կային, որոնք միջազգային պարտավորությունների հետ են կապված, այլ հանգամանքների հետ են կապված: Հիմա քննարկում ենք այդ ընկերության հետ, որպեսզի հասկանանք, թե ինչն ենք թողնում, ինչն ենք հանում, ինչ ենք ավելացնում, որ կարողանանք առաջ գնալ», ասել է նա: