Արդյոք Ադրբեջանի սպառազինության կուտակումը ինքնին նշանակում է պատերազմի անխուսափելիություն: Բաքվին սպառազինության մատակարարման վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումներն ուղեկցվում են այդ հարցադրումներով: Դրանք հերթական անգամ աշխուժացան Պուտինի հայտնի հայտարարությունից հետո, թե հակամարտության գոտի զենքի մատակարարումները չեն նպաստում խաղաղությանը:
Պուտինի այդ հայտարարությունից հետո հիշվում են հայտնի անեկդոտի կամ սկետչի խոսքերը՝ «Դե որ էդքանը գիտես, էդ մարդու ոտքերը ծածկի չմրսի»: Եթե Պուտինն այդքանը գիտի, ինչպե՞ս է թույլ տալիս, որ իր ղեկավարած պետությունը միլիարդավոր դոլարների սպառազինություն մատակարարի Ադրբեջան:
Մյուս կողմից, թերեւս բոլորս էլ գիտենք մեկ այլ բան, որ համաշխարհային քաղաքականությունը շահերի վրա կառուցված գործողությունների եւ հարաբերությունների համախումբ է, եւ Պուտինի հայտարարությունը այդ համատեքստում է, ոչ թե բարոյախրատականության: Լավ է այդ ամենը, թե ոչ, երկակի ստանդարտ է, թե ոչ, բարոյական է, թե անբարո, այլ հարց է, բայց Պուտինը առաջինը չէ համաշխարհային քաղաքականության մեջ, երբ խոսքն ու գործը հաճախ լինում են տարբեր:
Հայաստանի խնդիրը տվյալ պարագայում սեփական շահը գիտակցելն ու սպասարկելն է: Պարզ ու հասարակ մի ճշմարտություն:
Վերադառնալով պատերազմի խնդրին: Արդյոք սպառազինության մրցավազք կոչվածը անխուսափելի է դարձնում այն: Տրամաբանությունը հուշում է, որ՝ այո: Ի վերջո ինչու՞ է կուտակվում այդ զենքը: Մյուս կողմից, զենքի կուտակումներ կան աշխարհի շատ կետերում եւ տեղերում, բայց դա ամեն տեղ չէ, որ բերել է պատերազմի:
Այդ տեսանկյունից արժե հիշել ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստան այցելած ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ապպատուրայի հայտարարությունը, որն անկասկած եւս քաղաքական է: Նա հայտարարեց, որ միշտ չէ, երբ սպառազինության մրցավազքը բերում է պատերազմի՝ երբեմն այն հենց զսպում է պատերազմը:
Այստեղ խնդիրն այն է, թե ինչքանով է Հայաստանն ունակ լինելու հասցնել Ադրբեջանի հետեւից եւ լինել դիմադրունակ, հետ չմնալ եւ այդպիսով Ադրբեջանին կրկին չտալ ագրեսիայի միջոցով հաջողության հասնելու ակնկալիք, ինչպես ապրիլյան պատերազմից առաջ:
Այստեղ արդեն դեր խաղում է ոչ միայն սպառազինության կուտակումը, այլ տնտեսական զարգացումը, նաեւ քաղաքական կարողունակությունը՝ ինքնուրույնությունը, ինքնիշխան որոշումների կարողությունը:
Միայն սպառազինությունը դեռեւս պատերազմի նախադրյալ կամ հիմք, գրավական չէ: Պատերազմը քաղաքական գործոնների ազդեցության ներքո գտնվող երեւույթ է եւ շատ ավելի էական է, թե ինչ քաղաքական գործոններ են շրջանակում միջավայրը:
Ապրիլյան պատերազմը առաջին հերթին հենց այդ գործոններում Հայաստանի տանուլ տալու հետեւանքն էր, երբ սեպտեմբերի 3-ից հետո լրջագույն ճգնաժամ եւ չհասկացվածություն առաջացավ Արեւմուտքի ու Հայաստանի միջեւ: Ռուսաստանի ազդեցությամբ Հայաստանը «ներկայացավ» իբրեւ ռուսական քաղաքականության եւ շահերի կցորդ, միջազգային սուբյեկտության հարցում անվստահելի, անկարողունակ:
Ադրբեջանը հարձակվեց ոչ թե այն ժամանակ, երբ կուտակել էր բավականաչափ զենք, այլ այն ժամանակ, երբ համարեց, որ կուտակել է այդ զենքի աշխարհքաղաքական լեգիտիմության բավականաչափ պաշար, առաջին հերթին Ռուսաստանի օգնությամբ:
Ապրիլյան պատերազմում Բաքվի ռազմավարական ձախողումը բերել է նոր իրավիճակ, այդ թվում Ռուսաստանի համար: Դրան զուգահեռ, բավական նոր զարգացումներ են եղել: Ակնառու է, որ տարածաշրջանում տեղի է ունենում համաշխարհային ազդեցության կենտրոնների վերադասավորում, ուժերի հարաբերության փոփոխություն:
Այդ ամենը նվազեցնում է Ռուսաստանի ներուժը, նաեւ նրա «քվոտան» Կովկասում:
Հայաստանը մի շարք առումներով կարողացել է ՌԴ հետ առճակատման չգնալով, այդուհանդերձ օգտագործել հետապրիլյան իրավիճակը որոշակի պայմաններ թելադրելու համար: Ադ հարցում ակնհայտ է Արեւմուտքի աջակցությունը: Խոշոր հաշվով, այդ ամենի հանդեպ ՌԴ վերաբերմունքը միարժեք չէ: Ռուսաստանի իշխանական վերնախավում նկատելի է պայքար՝ Արեւմուտքի հետ հակադրությունը բախման վերածելու, եւ այդ հակադրությունը հաղթահարելու եւ թեկուզ որոշակի զիջումներով դրանից եւ գործնականում փլուզումից խուսափելու տեսակետը կրող խմբերի միջեւ:
Ո՞ր խումբը ավելի լավ դիրքի կգա ՌԴ նախագահի 2018-ի ընտրությունից առաջ, այսինքն ո՞ր խմբի նախագահը կլինի Պուտինը: Պատերազմի հարցն օրինակ ավելի շատ է կախված այդ հարցից, քան Ադրբեջանի սպառազինության քանակից: Քաղաքական իրավիճակը ինչպես մի քանի օրում կարող է մետաղի ջարդոնը վերածել մահաբեր եւ պայթյունավտանգ զենքի, այնպես էլ մահաբեր ու պայթյունավտանգ զենքը մի քանի օրում կարող է վերածել «մետաղի անպետք ջարդոնի»: