Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն օրերս է վերադարձել ծովափնյա հանգստից։ Ըմբշամարտիկը BRAVO.am-ին է տրամադրել ճամփորդական լուսանկարներն ու հետաքրքիր մանրամասներ է պատմել ոչ միայն այս, այլեւ նախկինում իրականացրած ուղեւորություններից: Հարցազրույցի վերջում նաեւ պարզել ենք, թե որ երկիր է ցանկանում այցելել հաջորդ անգամ, եւ ինչու է ստիպված այդ հարցում համոզել կնոջը:):
-Սիրում եք արձակուրդն անցկացնել տարբեր երկրներում։ Ստացվո՞ւմ է հանգստի նպատակով հաճախ Ճամփորդել։
-Արդեն ավանդույթ ենք դարձրել տարվա մեջ երկուսից երեք անգամ արտերկրում հանգստանալը: Սիրում եմ էկզոտիկ վայրեր այցելել: Առանձնահատուկ սիրում եմ Կուբան, Սինգապուրը, Շրի Լանկան, Մալազիան, որտեղ ինձ չեն ճանաչի, քանի որ ըմբշամարտն այնքան տարածված մարզաձեւ չէ, ինչպես, օրինակ, ֆուտբոլը: Չնայած՝ պետք է խոստովանեմ, որ Կուբայի դեպքում այդպես չէր, եւ Հայաստանից հետո ամենաշատն ինձ այնտեղ ճանաչեցին, ինչը հաճելիորեն զարմացրեց։
-Կա՞ մի վայր, երկիր, տարածաշրջան, որն առանձնացնում եք։
-Սիրահարված եմ Կարիբյան ծովի կղզիներին։ Ուղղակի հիասքանչ են թե՛ բնությունը, թե՛ ապրելակերպն ու մշակույթը, եւ թե՛ սնունդը։