Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում կմեկնարկի նոր սիթքոմ, որը կկրի «Ամուսնացածների լիգա» խորագիրը: Սիթքոմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Անի Պետրոսյանը, Ջեմմա Ադամյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սերժոն, Տիգրան Գյուլումյանը եւ այլ դերասաններ: Ֆիլմաշարը եթերում կլինի յուրաքանչյուր երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 20:30-ին: Սիթքոմը կպատմի երեք ամուսնացած զույգերի առօրյայի եւ խնդիրների մասին: Հերոսները շատ տարբեր են, սակայն նրանց միավորում է ամուսնական կարգավիճակը:
«Ամուսնացածների լիգա». այդպես է կոչում հերոսներից մեկն այն կյանքը, որտեղ հայտնվում է մարդ հարսանիքից հետո: Այդտեղ գտնվելու համար հարկավոր է համբերություն, զիջելու ունակություն, հումոր եւ աշխատասիրություն: Այս լիգայում չկան հաղթողներ եւ պարտվողներ, չկան մեծ դրամական պարգեւներ. միակ մրցանակը, որին կարելի է արժանանալ, ամուսնու հետ միասին երջանիկ լինելն է:
«Ամուսնացածների լիգա» ֆիլմաշարի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Աշոտ Աբրահամյանը, պրոդյուսերները՝ Արման Միտոյանը եւ Սերժ Նալբանդյանը:
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ ազդարարելով շուրջ մեկ տասնյակ նոր հաղորդումների սկիզբը: