Lragir.am _ ը գրում է 

Ռուսական Նեզավիսիմայա գազետա պարբերականը հայտնում է Ռուսաստանի սահմանին Ղազախստանի սկսած մասշտաբային զորավարժության մասին, որում ներգրավված է մոտ 10 հազար զինծառայող, մի քանի տասնյակ միավոր օդուժ, հազարից ավելի զրահատեխնիկա եւ այլն: Զորավարժությանը փորձարկվելու է «բարդ օպերատիվ-մարտավարական իրավիճակներում հրամանատարների անհրաժեշտ որոշումների կայացումը»:

Նեզավիսիմայա գազետան նշում է, որ Ղազախստանի զորավարժությունը առաջացնում է հարցեր, հատկապես որ այդ զորավարժության մասին նախապես չի ազդարարվել:
Թերթը ակնարկում է, որ Ղազախստանի զորավարժությունը փաստացի «զորավարժություն» է այսպես ասած թիկունքից: Ընդ որում, հայտնվում է նաեւ, որ բառացիորեն նախօրեին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի քարտուղարը հայտնել է մոտոհրաձգային ստորաբաժանման բարձր մարտական պատրաստության բերելու եւ մոտ 2000 զինծառայողի ներգրավմամբ վարժանքի մասին, որ տեղի կունենա Ղազախստանի սահմանից ոչ հեռու:

Փաստացի, Ռուսաստանն ու Ղազախստանը զորք են հանում միմյանց դեմ, իհարկե զորավարժության «փաթեթավորմամբ», գուցե առայժմ:
Ընդհանուր առմամբ, թվում է, որ իրավիճակը չպետք է լիներ արտառոց, քանի որ Ղազախստանը եւ Ռուսաստանը միեւնույն ռազմա-քաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ անդամ են: Սակայն այն, որ այդ դաշինքում ընդհանրապես գործողությունները չափազանց հեռու են դաշնակցայինից, ամենեւին նոր բան չէ:

Ռուս-ղազախական դիմակայությունն ուղիղ չէ, սակայն ակնհայտ է, որ Նազաբաեւը փորձում է առնվազն իր կենդանության օրոք ապահովել իր երկրի հնարավորինս «անշրջելի» ինքնիշխանություն, ընդ որում բոլոր ուղղություններով: Մասնավորապես, Նազարբաեւի հրահանգով Ղազախստանն առաջիկա տարիներին պետք է ամբողջ գրագրությունը փոխի լատինատառի: Ղազախստանի առաջնորդը փորձում է ձեւավորել իր երկրի տնտեսական, մշակութային, ռազմա-քաղաքական ինքնության հնարավորինս ամուր հիմքեր:

Նազարբաեւը մի քանի անգամ բավական կոշտ հակադարձել է Պուտինի ակնարկներին, որ վերաբերել են Ղազախստանին, մասնավորապես այնտեղ ռուսալեզու բնակչության առկայությանը: Ղազախստանի հյուսիսը գործնականում «պատրաստի Դոնբաս» է, եւ Նազարբաեւն այստեղ տեսնում է չեզոքացման ենթակա վտանգները:
Միեւնույն ժամանակ, այդ ամենից բացի, Ղազախստանի նախագահը նաեւ փորձում է օգտագործել հնարավորությունները եւ լինել պետություն, որն Ասիայում ունի դերակատարում եւ չի գտնվում Ռուսաստանի ստվերում:

Աստանան դառնում է Ռուսաստանի «կոկորդի ոսկոր», քանի որ ռուսական մտածողության մեջ որեւէ հետխորհրդային միավորի ինքնուրույնություն դիտարկվում է որպես մահացու սպառնալիք Ռուսաստանի համար:

Բայց Ղազախստանն այն միավորը չէ, որի հետ հնարավոր է խոսել միարժեք ուժի դիրքերից, եւ Մոսկվան էլ գիտակցում է, որ այստեղ ստիպված է մանեւրել: Եվրասիական վերջին ֆորումներում ՌԴ փոխվարչապետ Շուվալովը հայտարարեց, որ Ղազախստանն է ԵՏՄ լիդերը, իսկ ԵՏՄ գաղափարը պատկանում է ոչ թե Պուտինին, այլ Նազարբաեւին:
Սակայն Նազարբաեւի քայլերը վկայում են, որ նրա բազմափորձ գլխի տակ փափուկ բարձ դնելու տարբերակը այնքան էլ հեռանկարային չէ: Ավելին, Աստանան մի քանի ամիս առաջ ասիական արտգործնախարարների հավաքի ժամանակ հայտարարեց, որ պետք է մտածել Ասիայի անվտանգության կազմակերպություն ստեղծելու մասին:

Այսինքն, Աստանան չի պատրաստվում կաշկանդվել ոչ միայն ԵՏՄ-ով, այլ նաեւ ՀԱՊԿ-ով:
Մոսկվային առայժմ չի մնում այլ բան, քան «հասկանալ ու ներել», կամ ըմբռնել ու համբերել:

Իսկ ինչ անի Հայաստանը, քանի որ այդ ամենն առնչվում է նաեւ Երեւանին, քանի որ խոսքը ԵՏՄ եւ ՀԱՊԿ բլոկներում երկու առանցքային դերակատարների մասին է: Ընդ որում, երկու դերակատար, որոնք մեղմ ասած բարեխիղճ չեն Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորություններում եւ առայժմ ավելի շատ մրցակցել են Ալիեւին ծառայություն մատուցելու հարցում:

Այդուհանդերձ, հենց այդ հանգամանքը հաշվի առնելով, Երեւանի համար նպաստավոր է միմյանց դեմ մարզվող զորք դուրս բերելու ռուս-ղազախական իրականությունը, որովհետեւ այդ մրցակցությունը նվազագույնը մեծացնում է Հայաստանի անհրաժեշտությունը երկու մրցակիցների համար՝ որպես ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ: Բայց այդ հնարավորությունն օգտագործելու համար Հայաստանին անհրաժեշտ է ինքնիշխանություն, որպեսզի Մոսկվայի ձեռքին չդառնա Աստանայի դեմ գործիք:

Մոսկվա-Աստանա մրցակցությունը Հայաստանը պետք է օգտագործի երկու մայրաքաղաքների հետ իր խնդիրները լուծելու համար: Մրցակցությունը նրանց միջեւ դրա հնարավորությունն է: