Զինծառայողը զորացրվել է առողջական խնդիրների պատճառով: NEWS.am-ը ՄԻՊ աշխատակազմից տեղեկանում է, որ Ալինա Ավդալյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ տեղեկացրել, որ իր որդին առողջական խնդիրներով զորակոչվել է բանակ:
«Փետրվարի 14-ին տղաս ծառայության գնաց, էնտեղ խնդիրներ է ունեցել, պառկացրել են, բուժումներ են արել եւ դուրս գրել բուժկետից: Տղաս զանգեց, թե ուշաթափվել եմ, ոսկորներս ցավում ա, ինձ լավ չեմ զգում ու նորից բուժկետ են տարել»,-պատմել է կինը:
Նա դիմել է ՄԻՊ եւ ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է զինծառայողի հետագա բուժզննումն ու բուժումը, քննարկումների արդյունքում ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ զինծառայողը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ: