«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող 19-ամյա Սեյրան Սարգսյանը Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ էր:
Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Այս մասին մեր զրույցում ասաց գյուղապետ Արարատ Թամրազյանը:
«Մեր գյուղի շատ չարքաշ ընտանիքներից մեկն է: Ծնողներն աշխատանք չունեն, երեք որդիներից ավագը մեկ տարի առաջ ավտովթարից էր զոհվել, Սեյրանն էլ ընտանիքի փոքրն էր, թոռնիկիս ընկերը: Ողջ գյուղը սգի մեջ է: Շատ խելոք, աշխատող տղա էր»,- ասաց Թամրազյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը, Արարատ Թամրազյանն ասաց, որ Սեյրան Սարգսյանը դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորվել է, հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել:
Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայողը զոհվել է երեկ ժամը 15:00-ի սահմաններում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: