Բունդեսլիգայի ակումբները սարսափելի են մեկնարկել եվրոպական մրցասպարեզում:
Պարտությունների շարքը սկսել է Դորտմունդի «Բորուսիան», որը երեքշաբթի պարտվեց «Ռեալին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում (1:3):
Չորեքշաբթի «Բավարիան» պարտվեց ՊՍԺ-ին (0:3), իսկ «Լեյպցիգը»` թուրքական «Բեշիքթաշին» (0:2):
Հինգշաբթի անհաջող հանդիպումները շարունակեցին նաև Եվրոպա լիգայում հանդես եկող գերմանական ակումբները: «Քյոլնը» պարտվեց «Ցրվենա Զվեզդային» (0:1), «Հերտան» նվազագույն հաշվով զիջեց «Էստերսունդային», իսկ «Հոֆենհայմը» 1:2 հաշվով պարտություն կրեց «Լուդոգորեցից»:
Այս կերպ եվրագավաթներում ներկայացված գերմանական բոլոր 6 թիմերը պարտվեցին երկրորդ տուրերում` կրկնելով 36 տարվա ցուցանիշը: 1981 թվականին գերմանական 6 թիմեր եվրագավաթներում պարտվել են 1 օրվա ընթացքում:
Նշենք` ընդհանուր առմամբ գերմանական թիմերը Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի երկու տուրերում 5 միավոր են վաստակել 12 տուրերում: Խփած և բաց թողած գոլերի տարբերությունն է` 9:21: